211652_close_icon
views-count29761 դիտում article-date 10:09 22-06-2015

Արտակարգ դեպք Երևանում. Opel-ը հայտնվել է ջրանցքում. փրկարարները դուրս են բերել ծննդյան օրը նշած 13-ամյա երեխային. ոստիկաններին ու ՏԿԱԻՆ-ին օգնության ձեռք մեկնեց ԱԺ պատգամավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրղինյան նրբանցքի թիվ 2/5 շենքի մոտով հոսող ջրանցքը ավտոմեքենա է ընկել և ներսում արգելափակված երեխա կա ու նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են 1-03 ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Ժամանել է նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման օպերատիվ խումբը: Ժամանել է նաև թիվ 19 փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ Շրջանային և Կուրղինյան փողոցների խաչմերուկի մոտ Opel մակնիշի 35 TԼ 909 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Հրազդանի ներքին ջրանցքը: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանելը ավտմեքենայի վարորդ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը ինքնուրույն դուրս է եկել ջրանցքից, իսկ արդեն հրշեջ-փրկարարները և 2 երիտասարդ տղաներ ջրանցքից դուրս են բերել 13-ամյա Գեորգի Ստեփանյանին, ովքեր տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն, որտեղից Գ. Ստեփանյանը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ ջրանցքից դուրս եկած հորը և ջրանցքից դուրս բերված երեխային, մինչ կտեղափոխեին հիվանդանոց, տեղում բժշկական և հոգեբանական օգնություն էին ցուցաբերում 2 երիտասարդներ, ովքեր աշխատում են թիվ 1 համալսարանական հիվանդանոցում, որոնցից մեկը գլխավոր բժշկի վարորդն է եղել, իսկ մյուսը՝ բուժակ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխային ջրանցքից դուրս բերելու ժամանակ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Արտակ Հարությունյանը նախաբազկի շրջանում ստացել է վնասվածքներ, իսկ թիվ 19 փրկարարական ջոկատի փրկարարներ Գուրգեն Ասլանյանը, Ալբերտ Մարտիրոսյանը՝ քերծվածքներ և ինքնազգացողության վատացում: Վերջիններս նույնպես տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան ընկած վայրից մոտ 200 մետր առաջ էր ընթացել, քանի որ ջրի հոսքը շատ ուժեղ է եղել, և երբ հայրը դուրս է եկել, այդ 2 երիտասարդ տղաները փորձել են երեխային դուրս բերել ավտոմեքենայից: Նրանցից մեկն անգամ ցատկել է ջրանցքը, սակայն չի կարողացել և միայն հրշեջների օպերատիվ ժամանման արդյունքում համատեղ ուժերով երեխային դուրս են բերել մեքենայից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ եղել է երեխայի ծննդյան օրը: Արդեն դեպքի վայր է ժամանում ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձարարականով ավտոմեքենան պետք է ջրանցքից դուրս բերվեր և տեղափոխվեր ՃՈ պահպանվող հատուկ տարածք, սակայն թե՛ Երևանի Ճանապարհային ոստիկանության, թե՛ տեղում ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները 3 ժամից ավելի էր, վերամբարձ կռունկ էին ման գալիս՝ ասելով, թե իրենք չունեն դրա հնարավորությունը, իսկ ֆոտոլրագրողի հետ զրույցում հանրապետության ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանն էլ հայտնեց, որ իրենք կարող են միայն օգնել քարշակով, իսկ վերամբարձ կռունկ իրենք չունեն: Նույնը պատասխանեցին նաև ՏԿԱԻՆ-ից և միայն Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի օգնությամբ վերամբարձ կռունկի հարցը լուծվեց, որից հետո փրկարարները դուրս բերեցին ավտոմեքենան ջրանցքից: Հավաքվածներն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին. «Մի ամբողջ նախարարություն, մի ամբողջ ճանապարհային ոստիկանություն չունեն կռան, որ նման դեպքերում օգտագործեն: Հուսով ենք, որ այս դեպքից հետո դասեր կքաղեն և մի քանի թանկարժեք ավտոմեքենաներ իրենց նախարարության բալանսում պահելու փոխարեն վերամբարձ կռունկ ձեռք կբերեն, ու եթե պատգամավորը չլուծեր այդ խնդիրը, երևի Opel-ը մնար ջրում»: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հանձնարարությամբ էլ թաղապետարանի աշխատակիցները նույնպես ժամանել էին դեպքի վայր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր