211652_close_icon
views-count1074 դիտում article-date 10:40 10-06-2015

Եթե մեկ տարի անց պարզվի, որ ՀԷՑ-ի պարտքերը ավելացել են, ո՞վ է պատասխան տալու ՀՀ սպառողներին լրացուցիչ թալանելու համար. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ «Ժողովուրդ»-ի այն կանխատեսումը, որ ՀՀ իշխանություններն ի սկզբանե որոշել են սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 6-7 դրամով թանկացնել, ընդամենը մեկ շաբաթից պաշտոնապես կիրականանա: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակեց հունիսի 17-ին հաստատվելիք որոշման նախագիծը, ըստ որի՝ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 41,85 դրամ կՎտ/ժ-ից կդառնա 48,78 դրամ: Նոր սակագինը նախատեսվում է կիրառել օգոստոսի 1-ից: Հիշեցնենք, որ երբ մայիսի կեսին ՀԷՑ-ը հրապարակեց էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու մասին ներկայացրած իր հայտը, գրել էինք, որ սա ընդամենը տակտիկական քայլ է, որպեսզի 7 դրամով թանկացնելուց հետո սպառողը ՀՀ իշխանություններին մի բան էլ շնորհակալություն հայտնի: Տեղեկացնենք, որ իբրև էլէներգիայի թանկացման պատճառ ներկայացվում է ՀԷՑ-ի կուտակած 250 մլն դոլարի պարտքի մարումը: Ու եթե մեկ տարի անց պարզվի, որ ՀԷՑ-ի պարտքերը չեն պակասել, ավելացել կամ նույն են մնացել, ապա ո՞վ է պատասխան տալու ՀՀ սպառողներին լրացուցիչ թալանելու համար: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստ է հայտարարել, որ անձամբ պատասխանատվություն է ստանձնում՝ ՀՀ բնակչության և արտադրողների ամենածավալուն թալանը թույլ չտալու համար, իսկ եթե չկարողանա դա անել, ապա անձամբ պատասխան կտա՞: Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է անձամբ պատասխանատվություն ստանձնել, կամ նույն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը և նրա հանձնաժողովականները պատրա՞ստ են նման պատասխանատվություն ստանձնել: Թվարկված պաշտոնյաներն այժմ պետք է ասեն, թե ով է այս խայտառակության համար մեկ տարի անց պատասխան տալու»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր