76759 դիտում
10:09 10-06-2015
Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում. Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը և մեջտեղից կիսվել, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VՏ 992 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և մոտ 200 մետր գլխիվայր շրջվելով՝ առաջ ընթացել:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու վթարի հարևանությամբ գործող «Ավտո էկոնոմ գազ» ընկերության աշխատակիցները, ովքեր վիրավորներից մեկին օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխել են հիվանդանոց, իսկ մյուս վիրավորին ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի բաժինների ՊՊԾ աշխատակիցները, ինչպես նաև ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հարվածի արդյունքում Mercedes-ը մեջտեղից կիսվել է, իսկ էլեկտրասյունը՝ ամբողջովին վնասվել:
Փրկարարները վերջում կատարեցին ավտոմեքենայի և ճանապարհի լվացման աշխատանքներ, քանի որ հարվածի արդյունքում Mercedes-ի բալոնն էր պոկվել մեքենայից և շպրտվել և կար բենզինի արտահոսք: Ավտոմեքենայում հայտնաբերվել է 40-ամյա Արմեն Ասլանյանի անվամբ անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և մեքենայի տեխնիկական անձնագիր:
Դեպքի վայր են ժամանել նաև «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ»-ի աշխատակիցները, ովքեր փորձում են վերականգնել էլեկտրասյունը: Վթարի հարևանությամբ ապրողներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ մինչ պատկան մարմինները «ջայլամի քաղաքականություն» են վարում, վթարները նշված հատվածում չեն դադարում, և եղել են վթարներ, որ ողբերգական ավարտ են ունեցել և միակ ու ճիշտ լուծումը նշված հատվածում արագաչափ և տեսախցիկ տեղադրելն է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+