211652_close_icon

Դարձյալ ինչ-որ մեկը փորձում է լուծել իր խնդիրները մեր գրպանի հաշվին. ՀԱ

views-count1514 դիտում article-date 10:30 05-06-2015
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Այնուամենայնիվ լավ է, որ այս անհուսալի, բոլոր հողմերից երերվող աշխարհում դեռևս գոյություն ունեն հավերժական բաներ՝ անխախտ, ինչպես աստղային երկինքը մեր գլխավերեւում և բարոյական օրենքը կառավարության անդամների ներսում։ Անպայման պե՛տք է լինի մշտական ինչ-որ բան։ Գոնե ինչ-որ կոնստանտ, մեղա Տեր, որը համոզում է աշխարհակերտվածքի անսասանության մեջ։ Հինգշաբթի օրերին՝ կառավարության նիստ, հենց որ լվացիր մեքենան՝ անձրև, Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ։ Կոնստանտների քանակի աճը կոչվում է կայունություն։ Իսկ վերջին ամիսներին մենք ապրում էինք չգիտակցված նյարդայնության մեջ. ինչ-որ բան երկրում այնպես չէր։ Այսինքն՝ ընդհանուր գծերով ամեն ինչ կարծես թե համեմատաբար նորմալ էր, բայց ինչ-որ փոքրիկ անհամապատասխանություն թույլ չէր տալիս լիակատար ըմբոշխնել բարեփոխումների ուղիով առաջընթաց շարժումը։ Բիբը գրգռող մի բան. ասես մտել ես զբոսայգի, իսկ այնտեղ նստարանին նստած է Սամվել Ալեքսանյանն ու գիրք է կարդում։ Բայց, փա՜ռք Աստծո, վերջերս ամեն ինչ իր տեղն ընկավ. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ ներկայացրեց հոսանքի սակագինը միանգամից 40-50 տոկոսով բարձրացնելու վերաբերյալ։ Այսինքն՝ դարձյալ ինչ-որ մեկը փորձում է լուծել իր խնդիրները մեր գրպանի հաշվին։ Ճիշտ է, ի վերջո հոսանքը կթանկանա ոչ թե 17 դրամով, այլ, ասենք, 5-6, և մենք բոլորս երջանիկ կլինենք» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր