211652_close_icon
views-count632 դիտում article-date 17:15 27-05-2015

Մեկնարկել է բարձրագույն կրթական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիրը

ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` "Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի" ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին` Եվրախորհրդին և Եվրոպական միությունը: "Շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նվիրվածության և ժողովրդավարության սկզբունքների պահպանման, ինչպես նաև այն փաստի համար, որ մեր գործընկերները ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին",-նշել է Կարինե Հարությունյանը` ընդգծելով, որ այդ առթիվ ուսումնասիրել է կոռուպցիոն դրսևորումների ռիսկը տարբեր երկրներում՝ հղում անելով հատկապես Transparency International միջազգային կազմակերպության տվյալներին: "Կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակը դանդաղ բարելավվում է: Մեր երկրում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և կարևոր է, որ մեծ առաջընթաց կա կոռուպցիայի նվազեցման գործում",-նշել է նախարարի տեղակալը՝ ևս մեկ անգամ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը: Անդրադառնալով ծրագրին` Կարինե Հարությունյանը շեշտել է, որ այն կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում երեք խնդրի լուծմանը` հավասարություն, մատչելիություն և որակ: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարևորել է ծրագրի մեկնարկը: "Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաև գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը: Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, և ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի",- նշել է Տրայան Հրիսթեան` հույս հայտնելով, որ ծրագիրը կրթության ոլորտում արդյունավետ կլինի: ԵԽ, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և երկկողմ համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերն իր հերթին նշել է, որ Երևանը վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կիզակետը: "Բոլոր ճանապարհները տանում են Երևան",-նշել է ԵԽ ներկայացուցիչը`ընդգծելով, որ Հայաստանը գերազանց էր կազմակերպել մայիսի 15-16-ը Երևանում կայացած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը: Նշենք, որ "Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար" ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տևողությունը 24 ամիս է: Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015¬-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

Նմանատիպ նյութեր