211652_close_icon
views-count1113 դիտում article-date 13:13 27-05-2015

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը համակարգող միջգերատեսչական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ֆինանսների, արդարադատության, էկոնոմիկայի, քաղաքաշինության, բնապահպանության նախարարությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: Նիստը նախագահող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ողջունեց նիստի մասնակիցներին՝ նշելով, որ քննարկվող հարցերը կնպաստեն ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությանը: Խորհրդակցական մարմնի քննարկմանը ներկայացված առաջին հարցը ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհային և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման 2016-2018 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի (ՄԺԾԾ) նախագիծն էր: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Քաջիկ Քաբաբյանն իր զեկույցում ներկայացրեց առաջիկա երեք տարիների համար նախատեսվող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների, տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի մանրամասն նկարագրությունը: Այսպիսով՝ 2016-ին կվերականգնվեն շուրջ 49 կմ ավտոճանապարհներ, 2017-ի համար նախատեսված է շուրջ 26 կմ, իսկ 2018թ. կհիմնանորոգվեն 22 կմ ավտոճանապարհներ: Հիմնանորգումների համար անհրաժեշտ ֆինանսավորումները կտրամադրվեն ՀՀ պետական բյուջեից: Նիստի ընթացքում զեկույցով հանդես եկավ «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի տնօրեն Էմիլ Սարգսյանը՝ ներկայացնելով Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» նոր վարկային ծրագրով 2016-2019 թթ. ընթացքում կառուցման ենթակա շուրջ 155 կմ ճանապարհահատվածների նախագծման, տեխնիկական հսկողության, հիմնանորոգման և սպասարկման աշխատանքները: Զեկույցի երկրորդ մասը վերաբերում էր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման 92 կմ միջպետական ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներին: Եվրոպական ներդրումային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում իտալական «Լոտտի Ինժեներիա» կազմակերպությունը անցյալ տարվա մարտից իրականացնում է այդ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման, բնապահպանական ազդեցության գնահատման, ինչպես նաև նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները, որոնք արդեն մոտենում են ավարտին: Ծրագիրը համաֆինանսավորելու պատրաստակամություն է հայտնել Ասիական զարգացման բանկը: ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված բանակցային խումբը ֆինանսավորման նպատակով այս պահին քննարկումներ է տանում Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ: Գագիկ Բեգլարյանն անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհահատվածին նշեց, որ մամուլում անընդհատ հիշատակվող այս ճանապարհի այսօրվա վիճակը նախարարության կողմից աչքաթող չի արվել, այնտեղ իրականցվում են փոսալցման աշխատանքներ և նպատակահարմար չէ թեկուզ հատվածական հիմնանորոգումը, քանի որ հաջորդ տարվա գարնանը կսկսվի ճանապարհի ամբողջական հիմնանորոգումը: Նախարարը խոսեց նաև Գյումրի-Բավրա ճանապարհահատվածի մասին և նշեց, որ այն ընդգրկված է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրում, և հաջորդ տարի այդ ճանապարհահատվածում կմեկնարկեն կառուցման աշխատանքները. «2016-ի ընթացքում մենք կիրականացնենք այս 2 մեծ, խոշոր նախագծերը, որը իրականում մի քանի անգամ կբարելավի ճանապարհների որակը»: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վանյա Աթյանը ներկայացրեց ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պահպանման 2015-2025 թթ. ֆինանսավորման ռազմավարության նախագիծը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 10 տարիների ընթացքում տարեկան իրականացնել միջինը 140 կմ ճանապարհների կապիտալ հիմնանորոգման աշխատանքներ: Նշված ռազմավարության իրականացումը հնարավորություն կտա միջպետական և հանրապետական ճանապարհների անհարթության միջազգային ցուցանիշների (ԱՄՑ) ապահովումը: Նիստի ավարտին քննարկվեցին նաև ճանապարհային ոլորտի արդյունավետ կառավարմանը և համակարգմանը վերաբերող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր