Նախարար Գաբրիել Ղազարյանը մասնակցել է վերջին զանգի արարողությանը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի վերջին զանգի արարողությանը:
Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին և մարզիչ-մանկավարժներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, նպատակների իրականացում և ամենայն բարիք: «Հերթական սերունդն է նոր կյանք ճանապարհում Գյումրու քոլեջը, որի ղեկավարությունը, մանկավարժները, չխնայելով ուժ և եռանդ, իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում այս կրթարանի սաներին: Ես նրանց մաղթում եմ երազանքների իրականացում և, իհարկե, մարզական հաջողություններ»,- ասել է նախարարը:
Ելույթ է ունեցել նաև քոլեջի տնօրեն Հակոբ Փանոսյանը` հպարտությամբ խոսելով այս տարվա շրջանավարտների մարզական հաջողությունների մասին, ովքեր արժանացել են բազմաթիվ մրցանակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
Վերջին զանգի արարողությունը քոլեջում անցել է ջերմ ու հուզիչ մթնոլորտում: