Նախարար Գաբրիել Ղազարյանը Մինսկում ներկա է գտնվել արագ և բլից շախմատի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը. ֆոտոռեպորտաժ
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում գտնվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ներկա է գտնվել արագ և բլից շախմատի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը:
Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին գեղեցիկ միջոցառման համար: «Վստահ եմ, որ այս մրցաշարին մասնակցում են Եվրոպայի ուժեղագույն շախմատիստները: Ես իհարկե երկրպագելու եմ հայ շախմատիստներին, սակայն բոլոր մասնակիցներին ի սրտե մաղթում եմ հաջող մրցելույթներ»,- իր խոսքում նշել է Գաբրիել Ղազարյանը:
2015 թվականի դեկտեմբերի 18-20-ը անցկացվող արագ և բլից շախմատի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են գրոսմաստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Գևորգ Հարությունյանը և միջազգային վարպետ Դավիթ Գևորգյանը:
Նախօրեին նախարար Գաբրիել Ղազարյանը, Մինսկի ջրային մարզաձևերի պատրաստման օլիմպիական հանրապետական կենտրոնում ներկա է գտնվել Բելառուսի Հանրապետության ջրացատկի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցելույթներին, որին մասնակցել են նաև Մինսկում ուսումնամարզական հավաք անցած Հայաստանի հավաքականի մարզիկները:
Նախարար Ղազարյանը Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Ալեքսանդր Շամկոյի հետ հանդիպման ընթացքում քննարկել է տարբեր մարզաձևերում երկու երկրների համագործակցության հարցերը, մասնավորապես` ջրացատկի և դահուկային սպորտի:
Նախատեսվում է նաև նախարարի այցելությունները Ֆիզիկական կուլտուրայի Բելառուսի պետական ինստիտուտ, 3-ից 6 տարեկան երեխաների շախմատի դպրոց, Ա. Վ. Մեդվեդի անվան ըմբշամարտի պալատ, ձիասպորտի և ձիաբուծության պատրաստման օլիմպիական հանրապետական կենտրոն, ինչպես նաև շրջայց Բելառուսի ազգային օլիմպիական կենտրոնում:
[b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն[/b]