«Ռեալը» Դավիդ դե Խեայի համար առաջարկել է 20 մլն եվրո և Ֆաբիո Կոենտրաուին
Մադրիդի «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի համար առաջարկել է 20 մլն եվրո:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը 2011 թվականին նույն գումարով էր դե Խեային «Ատլետիկոյից» գնել և ցանկանում է այժմ 24-ամյա դարպասապահի դիմաց առնվազն 50 մլն եվրո ստանալ:
Սակայն դե Խեայի պայմանագիրն ավարտվում է 2016 թվականին և նա չի ցանկանում այն երկարաձգել: Այդ իսկ պատճառով դե Խեային ամռանը վաճառելու անհրաժեշտություն է ծագել, ինչից էլ բանակցություններում օգտվում է «Ռեալը»: Մադրիդյան ակումբը դե Խեայի համար մտադիր չէ 30 միլիոնից ավել գումար վճարել:
Իսկ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» համառի, այդ դեպքում «Ռեալը» մտադիր է բացի պահանջվող գումարից մանկունյանցիներին հանձնել նաև իր պաշտպաններից մեկին՝ Ֆաբիո Կոենտրաուին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել դե Խեայի հետ՝ բավարարելով վերջինիս բոլոր ֆինանսական պահանջները: