211652_close_icon
views-count2238 դիտում article-date 16:23 05-05-2015

«Կոչումով բժիշկ». Բաբլոյանների ընտանիք. տեսանյութ

Բաբլոյանների բժշկական տոհմի հիմնադիրը Սաեն Գեղամի Բաբլոյանն է: Նա ծնվել է 1907 թ. Հայաստանի Արտաշատի շրջանի Ոստան գյուղում: Լինելով կուլակի որդի` նա ստիպված է եղել փոխել ազգանունը, (իսկական ազգանունը Օրդոյան է) և մեկնել Օդեսա, որտեղ ընդունվել և ավարտել է քիմիատեխնոլոգիական ինստիտուտը: Սարատովում նա մի քանի տարի աշխատել է որպես քիմիկոս-ինժեներ: 1936թ. վերադառնալով Հայաստան`ամուսնացել է Շուշանիկ Մուրադխանյանի հետ: Հաշվի առնելով հանգամանքը, որ կինը` Շուշանիկն, ընդունվում է բժշկական ինստիտուտ, Սաեն Բաբլոյանը ևս որոշում է ընդունվել բժշկական ինստիտուտ և ձեռք բերել ամենամարդասիրական և միևնույն ժամանակ պատասխանատու մասնագիտությունը: Ավարտելով բժշկական ինստիտուտը` Սաեն Բաբլոյանը կնոջ հետ մեկնել է Կրասնոսելսկ` աշխատելով որպես բժիշկ: Ավելի ուշ նա Կրասնոսելսկի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկն էր: Սաեն Բաբլոյանը կյանքի վերջին տարիներին աշխատել է Երևանի թիվ 6 պոլիկլինիկայում: «Մայրս դարձավ վիրաբույժ, իրենից այդ մասնագիտությունը նաև ինձ փոխանցվեց: Իսկ հայրս ռենտգենոլոգ էր: Հիվանդի, այցելուի հանդեպ մայրս անսահման հոգատար էր»,-Բաբլոյանների բժշկական կենսագրությունը վավերագրում է գերդաստանի երկրորդ բժշկական ճյուղը ներկայացնող Արա Սաենի Բաբլոյանը: Բաբլոյանների բժշկական գիծն այնուհետև շարունակում է Արա Սաենի Բաբլոյանը: Նա ծնվել է 1947թ. մայիսի 5-ին Երևանում: 1971թ. ավարտել է Երեւանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը: «Մանկաբույժներն իրենց բնորոշ մեծահոգությամբ, բարիությամբ, գթասրտությամբ, ուշադրությամբ մշտապես կարողանում են սփոփել երեխաների առողջության հետ կապված բոլոր խնդիրները: Այս բժշկական համալիր դիմած ծնողներն ու երեխաներն արժանանում են հոգատար և ջերմ վերաբերմունքի: Արա Բաբլոյանը փաստում է, որ մանկաբույժների աշխատանքը նուրբ և քնքուշ լինելու հետ միաժամանակ ծանր է և դժվար»,-նշում է անվանի մանկաբույժը: «Ես մեծացել եմ բժիշկների ընտանիքում, հայրս, մայրս, եղբայրս, ընդհանուր մթնոլորտը բժշկական էր: Դպրոցում ֆիզիկամաթեմատիկական առարկաներից շատ լավ էի, ընկերներս մտածում էին, որ ես կգնամ տեխնիկական գիտությունների ուղղությամբ, բայց ես միանշանակ ընտրեցի բժշկությունը»,-անդրադառնալով մասնագիտության ընտրությանը` նշում է Արա Բաբլոյանը: Նա 1970թ. աշխատել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայում որպես ուրոլոգիական բաժնի բուժակ: 1971-1977թթ.` Երեւանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի մանկական վիրաբույժ և ուրոլոգ: 1977-1997թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, 1982-1991թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է մասնագիտացված ուրոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն: 1991-1997թթ. եղել է ՀՀ առողջապահության նախարար: 1997-2012թթ.՝ ԵրՊԲԻ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ: 2002-2003թթ.` «Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ տնօրեն: 2003-2007թթ.՝ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ գլխավոր տնօրեն, 2007թ.` գիտական ղեկավար: Արա Բաբլոյանը 3 գյուտի, 7 մենագրության, 200-ից ավելի գիտական հոդվածի հեղինակ: Օրենսդիրում աշխատանքն Արա Բաբլոյանի գործունեության կարևոր ու էական մասն է: Հայաստանի հանրապետական խմբակցության պատգամավորը 2007 թվականից առ այսօր ղեկավարում է Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը: Նա հեղինակ է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների, որոնք միտված են` ապահովելու Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացումն ու առաջընթացը: «Երբեք չեմ թողել բժշկությունը, անգամ երբ նախարար եմ եղել, վիրահատել եմ: Միաժամանակ աշխատելով որպես ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, հանձնաժողովի նախագահ, ձգտում եմ իրականացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք կապահովեն մի կողմից մարդկանց առողջությունը, մյուս կողմից՝ բուժաշխատողներին արժանապատվությունը և զարգացումը ապահովելու երաշխքիներ կամրագրեն»,-ընդգծում է Արա Բաբլոյանը, որն իր գործունեության ընթացքում բուժել է բազմաթիվ երեխաների` շատերին երկրորդ կյանք պարգևել: Բժշկի մասնագիտությունն է ընտրել նաև Արա Բաբլոյանի կինը` Մանուշակ Վահանի Երիցյանը: Նա ծնվել է Երևանում 1956թ. հունվարի 25-ին ինժեների և մանկավարժի ընտանիքում: 1973թ ոսկե մեդալով ավարտել է Երևանի Բելինսկու անվան դպրոցը, նույն տարում ընդունվել ԵրՊԲԻ: Գերազանցությամբ է ավարտել բուհը: Առողջապահության ոլորտում Արա Բաբլոյանի ներդրած լավագույն ավանդույթները շարունակում են նրա երկու որդիները` Արման և Սերգեյ Բաբլոյանները: Բժշկական ամուր ավանդույթներ ունեցող Բաբլոյանների բժշկական ընտանիքը Հայաստանին տվել է դեռևս բժիշկների երեք սերունդ, սակայն չի բացառվում, որ ոչ հեռավոր ապագայում «Բաբլոյան» բժշկական ազգանուն կրեն նաև Արա Բաբլոյանի թոռնիկները` համալրելով կոչումով բժիշկների մեծ գերդաստանը: Նախագծի տեքստային և վիդեո ամբողջական տարբերակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր