211652_close_icon
views-count1030 դիտում article-date 21:36 02-05-2015

Բրյուսելի Մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողություն

Ապրիլի 28-ին Բելգիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Բրյուսելի Մայր տաճարում կայացել է Հայ Առաքելական եկեղեցու կողմից կազմակերպված հիշատակի էկումենիկ արարողություն-աղոթք` նախագահությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Բենելյուքսի փոխանորդ, հոգեշնորհ Տեր Զատիկ Վարդապետ Ավետիքյանի և բազմաթիվ քրիստոնյա քույր եկեղեցիների երկու տասնյակից ավելի առաջնորդների և ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ԱԳՆ-ն: Արարողությանը ներկա են եղել Բելգիայի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Բրյուսելում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և հայ ու քրիստոնյա այլ համայնքների ավելի քան հազար ներկայացուցիչներ: Արարողության ընթացքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խոսքով հանդես է եկել և օրվա իրենց պատգամն է փոխանցել Հռոմի Պապի առաքելական նվիրակ, Նորին Գերազանցություն կարդինալ Ջասինտո Բեռլոկոն, Կոնստանդնոպոլսի Տիեզերական պատրիարքի Բենելյուքսի ներկայացուցիչ, Մետրոպոլիտ Աթենագորաս արքեպիսկոպոսը, Սանտ Էջիդիո միջազգային քրիտոնեական կազմակերպության համաշխարհային փոխնախագահ, տիկին Հիլդ Քիբումը և ուրիշներ: Օրվա քարոզով հանդես եկավ Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բրուսել-Մալին արքեպիսկոպոսարանի ներկայացուցիչ Ժան Կոկրոլ եպիսկոպոսը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Բելգիայում ՀՀ դեսպան, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մագարյանը, ով մասնավորապես նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր եկեղեցիներում այս օրերին կազմակեպվող ոգեկոչման էկումենիկ արարողությունները և հարգանքի տուրքն անմեղ զոհերի հիշատակին վկայում են Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում քրիստոնյա քույր եկեղեցիների միասնական ոգու մասին: Արարողության ընթացքում Բրյուսելի «Երևան» լարային քառյակի կատարմամբ հնչել են Կոմիտաս վարդապետի հոգևոր և ազգային ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր