211652_close_icon
views-count1564 դիտում article-date 23:02 03-10-2016

Բրյուսելի Սբ. Միշել մայր տաճարում կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարելիցին

Բրյուսելի Սբ. Միշել մայր տաճարում կայացավ տոնական համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյա տարելիցին: Կատարումներով հանդես եկավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Կատարվեցին շարականներ, հայ և օտարազգի հեղինակների ստեղծագործություններ: Միջոցառումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Բելգիայի Հայ առաքելական եկեղեցու, «Գյումուշչյան» հիմնադրամի, Եվրոպայի ՀԲԸՄ գրասենյակի և Բրյուսելի «Հայ տուն» մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար: Միջոցառմանն ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Վերջինս, բարձր գնահատելով երգչախմբի փայլուն կատարումը, մասնավորապես, նշեց, որ խորհրդանշական է, որ Հայաստանի անկախ պետականությունն իրենց երգով այսօր փառաբանում են անկախության սերունդը հանդիսացող «Հայաստանի փոքրիկ երգիչները»: Միջոցառման ավելի քան յոթ հարյուր մասնակիցների թվում էին ԵՄ և Բելգիայի պաշտոնական ու հասարակական շրջանակների ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, հայ եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ, բելգիահայ համայնքի անդամներ։ Նույն օրը՝ երեկոյան, երգչախումբը ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշ-մոբ կատարումով հանդես եկավ նաև Բրյուսելի կենտրոնական Գրան Պլաց հրապարակում, ինչը խանդավառությամբ ընդունվեց բելգիացիների և զբոսաշրջիկների կողմից:

Նմանատիպ նյութեր