Կստեղծվի պրոբացիայի ծառայություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգին: Մեր երկում պրոբացիոն ծառայություն չկա, սակայն վերջինիս բնորոշ մի շարք գործառույթներ իրականացնում են այլ ստորաբաժանումներ:
Պրոբացիայի կիրառումը ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, որի էությունը ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է:
Ըստ հայեցակարգի, այդպիսի ծառայություն է ստեղծվելու ՀՀ արդարադատության նախարարության կազմում: Հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակության մասնակիցների մի մասն այն կարծիքի էր, որ պրոբացիայի սկզբունքները պետք է ներդնել ժամանակի ընթացքում և քայլ առ քայլ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ հարցը դեռ քննարկվելու է և որևէ հրատապ որոշում չի կայացվելու: «Կարծում եմ, որ այս ծառայությունը մեզ համար կարևոր է, բայց դա հիմք չի տալիս, որ մենք շտապենք և սխալ թույլ տանք: Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը և այն տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը: