211652_close_icon

Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզում վստահեցրել է` բերքի մթերումների հետ կապված խնդիրներ չեն լինելու

views-count853 դիտում article-date 17:09 29-04-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Վայոց ձորի մարզ, որտեղ հրավիրվել էր համատեղ խորհրդակցություն ընթացիկ տարում խաղողի արտադրության, մթերման և իրացման գործընթացի կազմակերպմանն առնչվող խնդիրների քննարկման նպատակով: Իր բացման խոսքում նախարարը նշել է, որ այս խորհրդակցության հիմնական նպատակն է մթերումների սեզոնի մեկնակին ընդառաջ բոլոր կողմերի հետ քննարկել առկա ընթացիկ հարցերը, որպեսզի գյուղացիական տնտեսությունները հավաստիանան, որ այս տարի խաղողի, ինչպես նաև գյուղատնտեսական այլ մթերքների իրացման հետ կապված խնդիրներ չեն լինելու և առանց որևէ մտավախության ակտիվացնեն իրենց աշխատանքները: «Մեր գյուղացիական տնտեսություններն արդեն այսօր պետք է ամբողջովին վստահ լինեն, որ իրենց կողմից արտադրված բերքն անկախ որևէ հանգամանքից ամբողջ ծավալով, առանց որևէ խնդրի կիրացվի, և այդ գործընթացը պատշաճ և հստակորեն կազմակերպելու համար պետության կողմից բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացվում են: Մենք խիստ հետևողական ենք լինելու, որպեսզի բերքն այգիներում չմնա, և մթերումները ժամանակին իրականացվեն: Գյուղացին այս հարցում մտահոգություն չպետք է ունենա»,-իր խոսքում շեշտել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարը հորդորել է վերամշակող ընկերություններին դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները` մեկ շուկայից կախվածությունը թուլացնելու և հնարավոր ռիսկերն առավել արդյունավետ կառավարելու համար: Անդրադառնալով մթերումների գների հետ կապված բարձրացվող հարցերին ` Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ գինը որոշում է շուկան, որը միևնույն ժամանակ պետք է խելամիտ լինի և երկուստեք շահավետ` գյուղացիների և վերամշակող ընկերությունների համար:

Նմանատիպ նյութեր