211652_close_icon
views-count1119 դիտում article-date 21:52 22-04-2015

The Wall Street Journal-ը պատմում է Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունները

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկյան The Wall Street Journal պարբերականն անդրադարձել է թեմային՝ պատմելով Ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունները: Հոդվածը՝ զգալի կրճատումներով, ներկայացնում ենք ստորև. Սարգիս Թեքե անունով ալեհեր թոշակառուն ապրում է թուրքական Կայսերի քաղաքում: Մեկ դար առաջ այս քաղաքի տնտեսական և մշակութային կյանքում գերակշռում էին հայերը. ժամանակին քաղաքում 40 հայկական եկեղեցի կար: 1915 թվականին Օսմանյան կայսրության նախաձեռնած 1.5 մլն հայերի սպանություններն ու բռնի տեղահանումները ստիպել էին Սարգիս Թեքեի ընտանիքին Կայսերիից հեռանալ Ստամբուլ, ապա Լիբանան, Կանադա և ԱՄՆ: «Մտածում էի՝ ողջ կյանքս այստեղ եմ ապրելու և շատ թանկ եմ վճարել դրա համար: Ես կապրեմ այստեղ մինչ մահս»,- ասում է Կայսերի քաղաքի միակ հայը: Այստեղից 250 մղոն հեռավորության վրա է գտնվում Դիարբեքիր քաղաքը, որտեղ ժամանակին նույնպես ծաղկում էր ապրում հայկական համայնքը: Երվանդ Բոստանջին հայկական ծագմամբ միակ մարդն է, որն ընդունել էր արտասահմանից վերադառնալու տեղի կառավարման մարմինների հրավերը: Լոս Անջելեսում 2 տասնամյակ ապրելուց հետո պրն.Բոստանջին երկու տարի առաջ վերադարձել է քրդերով բնակեցված այս քաղաքը: «Անցյալ տարի տեղի երգչախումբը կատարել է առաջին հայկական երգը: Շատ դրական քայլ է, սակայն համոզված եմ՝ այլևս ոչ ոք չի վերադառնա այստեղ: Մարդիկ իրենց կյանքն այլ տեղերում են կառուցել»,- ասում է պրն.Բոստանջին: Այս տարվա ապրիլի 24-ին լրանում է օսմանյան իշխանության հրամանով Ստամբուլում՝ այն ժամանակվա Կոնստանդնուպոլսում, հայ մտավորականների և համայնքային ղեկավարների ձերբակալման 100-րդ տարելիցը: 1915 թվականի ավարտին փլուզվող կայսրության հայկական համայնքը գրեթե ոչնչացվել էր: 1915 թվականի սարսափներն ու թողած վերքերը դեռ կենդանի են ոչ միայն պրն. Թեքեի և պրն. Բոստանջու կյանքերում, այլև՝ աշխարհով մեկ սփռված բոլոր հայերի: Թուրքիան դեռևս կտրականապես մերժում է այն ենթադրությունը, որ 1915 թվականին օսմանյան ուժերով իրականացրած գործողությունը ցեղասպանություն էր: Այդ տարիների իրադարձությունները ցեղասպանություն են համարում ինչպես բազմաթիվ գիտնականներ, այնպես էլ ավելի քան 20 պետություններ, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Երբ անցյալ շաբաթ Ֆրանցիսկոս Պապն ու Եվրախորհրդարանը բարձրաձայնել էին իրենց համաձայնությունը, Անկարան, որպես բողոքի նշան, հետ էր կանչել Վատիկանում իր դեսպանին և մեղադրել Հռոմին հակաթուրքական դավադրության մեջ: Ակնկալվում է, որ ուրբաթ օրը՝ ապրիլի 24-ին, Թուրքիայի կարևոր առևտրային գործընկեր և թուրքական ամենամեծ համայնքներից մեկի՝ Գերմանիայի խորհրդարանն առաջին անգամ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ոչնչացման եզրին կանգնած կայսրության իրականացրած կոտորածի հետևանքներն ավելի քան իմաստալից և պատմական են: Թուրքիայի արևելյան և հարավային հատվածների հայկական համայնքներն այլևս գրեթե գոյություն չունեն: Թուրքերի և էթնիկ քրդերի գրաված հայկական գույքի ճակատագիրը դեռևս անորոշ է: Անկարան նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունի ներկայիս Հայաստանի Հանրապետության հետ: Ինքնության հարցը նույնպես ամենաբարդերից մեկն է: Հայկական եկեղեցին քրիստոնեական հավատքի ամենահին և պատմական եկեղեցին է. գրեթե բոլոր հայերը քրիստոնյա են: Սակայն, 1915 թվականի հետապնդումներից փրկվելու նպատակով, շատ հայեր մահմեդականություն են ընդունել և սկսել ապրել թուրքերի պես: Հարյուրավոր մահմեդական, ծպտյալ հայեր հրապարակավ ընդունել են իրենց ընտանեկան և քրիստոնեական արմատները հատկապես 2011 թվականին Դիարբեքիրի հայկական եկեղեցու վերաբացումից հետո: Տասնյակ հազարավոր էթնիկ հայերը և Թուրքիայում մնացած նրանց ժառանգները դեռևս ապրում են ստվերում՝ չցանկանալով ընդունել իրենց ժառանգությունը կամ ամաչելով խտրականության վախից: Պրն. Թեքեն այն քիչ հայերից է, որը հրաժարվում է թաքնվել կամ լքել երկիրը: Տղամարդն ասում է, որ մեծացել էր 1915 թվականի սպանությունների ստվերներում: 1915-ին Թեքեի ընտանիքի 30 անդամները սպանվել են մահվան երթերի ընթացքում: Նրա պապիկն օսմանյան բանակի լեյտենանտ էր և փրկվել էր միայն այն պատճառով, որ այդ ժամանակ կռվում էր ներկայիս Սիրիայի տարածքում: Վերադառնալով Կայսերի՝ հայտնաբերել էր, որ իր կնոջը գերեվարել էր մի թուրք սպա, ընտանիքի մնացած անդամներին ոչնչացրել էին, իսկ տունը՝ կողոպտել ու թալանել: «Դպրոցում սովորելուս տարիներին կար ընդամենը երկու հայ և մենք միշտ կռիվների մեջ էինք: Նրանք ինձ գյավուր էին անվանում՝ անհավատ, և ասում, որ ընտանիքս ստիպված է հեռանալ», – պատմում է Թեքեն: Մինչ հայերի մեծ մասը ճնշումներից խուսափելու համար մեկնում էր արտասահման, Թեքեն պայքարում էր: «Ես երդվել էի երբեք չլքել տունս», – ասում է նա: «Այստեղ ամեն ինչ հայկական է: Մարդիկ չէին մտածում, որ մի օր կլքեն այս վայրը»: Սարգիս Թեքեն վերջին հայն էր, որ ականատեսն էր հայկական համայնքի՝ մահվանն առերեսվելուն, իսկ պրն. Բոստանջին դարձել էր հույսի նշույլ մեկ այլ թուրքական քաղաքում՝ հայկական ժառանգությունը վերակենդանացնելու իր ջանքերով: Բոստանջին ստացել է Ուդի մականունը 12 լարանի երաժշտական գործիք՝ ուդ նվագելու համար: Ծնվել էր Դիարբեքիրում 1957 թվականին, նրա ընտանիքը 1915 թվականի կոտորածներից փրկվել է էթնիկ քուրդերի շնորհիվ: 1960-1970-ական թվականներին երկրում բարձրացած քաղաքական բռնությունների ալիքի պատճառով նրա ընտանիքը Դիարբեքիրից մեկնում է Ստամբուլ: Սակայն ստամբուլյան գիշերային ակումբներից մեկում հայկական երգ կատարելու համար մահվան սպառնալիքներ ստացած տղամարդը լքում է Թուրքիան և բնակություն հաստատում հարավային Կալիֆորնիայում: 55-ամյա Արմեն Դեմիրճյանը մեծացել էր որպես քուրդ: Արմենը, սակայն, վերջերս է իմացել իր հայկական արմատների և ինքնության մասին. քրդերը փրկել էին նրա հայ հորը բռնագաղթի ճանապարհին: Այժմ Արմենը պահակ է եկեղեցում և բոլորովին վերջերս սկսել է գործածել իր իրական ազգանունը՝ Դեմիրճյանը՝ Աբդուրահիմի փոխարեն: «Ընտանիքս գաղտնի էր պահում այդ ամենը մեզ պաշտպանելու համար: Շատ էի շփոթվել, երբ իմացել էի հայական անցյալիս մասին… սակայն այժմ հպարտ եմ», – ասում է Դեմիրճյանը:

Նմանատիպ նյութեր