211652_close_icon
views-count1040 դիտում article-date 16:37 22-04-2015

Փաստաբանների պալատը միջոցառումներ կանցկացնի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ապրիլի 24-25-ին նախատեսում է միջոցառումների շարք՝ նվիրված նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 100-րդ տարելիցին: Միջոցառումներին կմասնակցեն այլ պետությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Բուլղարիայի փաստաբանական համայնքների ներկայացուցիչներ և իրենց երկրներում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալած հայտնի փաստաբաններ՝ մասնավորապես Փարիզի փաստաբանների պալատի նախագահ Պիեռ Օլիվյե Սյուռը, Ֆրանսահայ փաստաբան, բարերար, ՀՀ փաստաբանների պալատի պատվավոր անդամ Ռայմոնդ Եզեգելյանը, Փաստաբանների Միջազգային միության պատվավոր նախագահ (UEA) Պոլ Նեմոն, Սոֆիա քաղաքի փաստաբանների միության նախագահ՝ Պյոտր Կիտանովը և այլն: Այլ պետության և Հայաստանի Հանրապետության փաստաբանները կմասնակցեն «Ճանաչման իրավապատմական հետևանքները. Հայոց Ցեղասպանությունը 100 տարի անց», «Հայոց Ցեղասպանության միջազգային իրավական պատասխանատվության հիմքերն ու մեխանիզմները» թեմաներով քննարկումներին, կներկայացնեն իրենց երկրներում տարվող աշխատանքները: ՀՀ փաստաբանների պալատի հյուրերը կքննարկեն իրենց մասնագիտությանը՝ փաստաբանությանը, վերաբերող հարցեր, խնդիրներ՝ ինչպես օրինակ՝ «Փաստաբանական գործունեության հետ կապված մարտահրավերները» և «Փաստաբանական էթիկայի կանոնները Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում. համեմատական վերլուծություն» թեմաներով: Ապրիլի 25-ին նախատեսվում է Փաստաբանական դպրոցի շրջանավարտների արտոնագրերի հանձնման հանդիսավոր միջոցառումը, ինչպես նաև նույն օրը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի ընդհանուր ժողովը՝ «Փաստաբանի օր»-ը սահմանելու օրակարգային հարցով։

Նմանատիպ նյութեր