1104 դիտում
10:48 22-04-2015
Շատ կարևոր է, որ ապրիլի 24-ից հետո կանգ չառնենք. ՀԱ
«Երեկ խորհրդարանը արտահերթ նիստ էր հրավիրել հատուկ՝ Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության տեքստն ընդունելու նպատակով,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Հիշեցնենք, որ նախագիծը նախորդ քառօրյայում քննարկվել էր, բայց քվեարկության չէր դրվել։
Քանի որ օրակարգում այլ հարց չկար, նիստը տևեց ընդամենը 4 րոպե և ավարտվեց ազգային համերաշխության լիակատար հաղթանակով։ Չհաշված որ ՀԱԿ խմբակցության տեր-պետրոսյանական թևը, ինչպեսև նախապես խոստացել էր, չէր ներկայացել քվեարկությանը։ Դահլիճում չէր նաև Հրանտ Բագրատյանը։
Արդյունքում նիստին մասնակցող 114 պատգամավորներից 113-ը, այդ թվում՝ ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը և Նիկոլ Փաշինյանը քվեարկեցին հայտարարության օգտին։
Մեր հարցերին ի պատասխան, թեմային անդրադառնում է ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ
-Բնականաբար 100-րդ տարելիցի շեմին Ազգային ժողովը չէր կարող չարտահայտել իր դիրքորոշումը, և ինչպես տեսաք, միաձայն ընդունեց հայտարարությունը՝ դատապարտելով և կոչ անելով աշխարհի խորհրդարաններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Սա մեր պարտքն էր, որը կատարվեց միաձայնությամբ։
-Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ ծավալված և դեռևս ընթացող իրադարձությունները, տարբեր մակարդակներով ընդունված հայտարարությունները, միջազգային լրատվամիջոցների արձագանքներն ի մի բերելով՝ ի՞նչ կասեք. «հայկական ցունամիի» էֆեկտը, որին ձգտում էինք, որից Թուրքիան այնքան սարսափում էր, ստացվե՞ց, ձեր կարծիքով։
-Ըստ էության, մենք մի քանի տարի տեղապտույտի մեջ էինք՝ հայ-թուրքական արձանագրություններն ինչ-որ առումով կասեցրել էին Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը։ Թուրքական կողմն անընդհատ շեփորում էր, թե կա երկխոսություն, կան արձանագրություններ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, և տարբեր երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը կարող է վնասել երկու երկրների երկխոսությանը։
Այս արձանագրությունների ստորագրումից հետո երկու-երեք տարի գործընթացն ինչ-որ չափով սառեցված էր, բայց ի վերջո ակնհայտ դարձավ, որ Թուրքիան արձանագրություններն օգտագործում է իր նախապայմաններն առաջ տանելու համար՝ հայ-թուրքական սահմանի բացումը կապելով և՛ Ղարաբաղյան հիմնախնդրի, և՛ Ցեղասպանության ճանաչման հետ։
Աշխարհը, կարծում եմ, տեսավ և հասկացավ, հատկապես 100-րդ տարելիցի շեմին, որ թուրքական կողմն իր ձգտումների մեջ ազնիվ չէ, և ճանաչման գործընթացը նոր թափ ստացավ։ Վերջին երկու-երեք շաբաթվա լրահոսի՝ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների գլխավոր թեման կարծես թե Հայոց ցեղասպանությունն է։
Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագից և հայտարարություններից հետո ունենք մի իրավիճակ, երբ ամբողջ աշխարհը սկսում է գիտակցել, որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հնարավոր չէ կանխարգելել մարդկության դեմ այս տեսակի ոճրագործությունները։ Շատ կարեւոր է, որ ապրիլի 24-ից հետո կանգ չառնենք՝ կարողանանք արժևորել և նյութականացնել այս արդյունքները։
-Մենք, որպես պետություն, աշխարհասփյուռ հայությունը՝ իր կառույցներով, որքանո՞վ ենք դրան պատրաստ, ստեղծե՞լ ենք այն իրավական հենքը, որին ապավինելով՝ կարող ենք, ինչպես դուք եք ասում, նյութականացնել գիտական, քաղաքական և բարոյական կապիտալը, որ ձեռք ենք բերել տասնամյակների ընթացքում։ Խոսքը վերաբերում է հայկական պահանջատիրությունը հիմնավորող իրավական փաթեթին։
-Միջազգային ճանաչված իրավաբանների կողմից իրավական փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են, բայց սա այնպիսի նուրբ խնդիր է, որ պետք է ունենանք իդեալական փաստաթուղթ, որը անխոցելի կլինի միջազգային իրավունքի տեսակետից» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։
Նմանատիպ նյութեր
2663 դիտում
16:48 27-03-2021
Համարենք, որ դա «կանգ առ»-ի կարևոր կետերից մեկն էր. Արթուր Վանեցյան. Hraparak.am
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»