Թուրքիայի իշխանությունները ստացան հարված, որտեղից չէին սպասում. Հայոց Աշխարհ
«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Մինչ թուրքական իշխանությունները ջանքերը կենտրոնացրել էին Հռոմի պապի ապրիլի 12-ի հայտարարությանը վայրիվերո հակադարձելու կամ կաթոլիկ եկեղեցու քահանայապետի այդ ազդեցիկ խոսքին հակակշռելու, ինչպես նաև ԱՄՆ նախագահին հնարավորինս ճնշելու վրա, Հայոց ցեղասպանության ճանաչման առումով, կարելի է ասել, լուրջ հարված ստացան այնտեղից, որտեղից երևի ոչ ոք չէր սպասում:
Ավստրիայի խորհրդարանի բոլոր 6 խմբակցությունները համատեղ հայտարարություն են ընդունել, որով, նախ, Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը բնորոշում են որպես հենց ցեղասպանություն, ակնարկելով նաև Ավստրո-Հունգարիայի պատասխանատվությունը: Ավստրիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ հայերից բացի հիշատակվում են նաև այլ ազգերի ներկայացուցիչների (հույների, ասորիների և այլն) դեմ թուրքական իշխանությունների կողմից գործադրված վայրագությունները:
Ինչ վերաբերում է ներկայիս Թուրքիայի իշխանություններին, ապա նրանց կոչ է արվում առերեսվել իր անցյալին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Ազատության, խաղաղության ու մարդու իրավունքների մեր անքակտելի արժեքների ընկալումն անխզելիորեն կապված է բռնությունների, հետապնդումների, արտաքսումների ու զանգվածային սպանությունների զոհերի հիշատակն ըստ արժանվույնս պահելու հետ»,- ըստ ավստրիական հեղինակավոր «Շտանդարտ» պարբերականի՝ նշված է Ավստրիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների համատեղ հայտարարության մեջ, որին, ըստ ամենայնի, անդրադարձ կլինի Ավստրիայի խորհրդարանի այսօրվա նիստում:
Հետաքրքիրն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար Ավստրիայի իշխանություններին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա, ինչպես հայտնի է, ապրիլի 24-ին Բունդեստագի քննարկմանը դրվելիք բանաձևի նախնական լղոզված տարբերակը փոխվել է, և փաստաթղթի նախագծի նոր տարբերակում հստակ նշվում է, որ կատարվածը «ֆոլկեմորդ» էր, այսինքն՝ ցեղասպանություն» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։