1386 դիտում
18:56 21-04-2015
Երևանը պատրաստ է Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝ ապրիլի 23-ին և 24-ին կայանալիք հիմնական միջոցառումների անցկացման մանրամասները։ Հիշատակի միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը նույնպես ձևավորել է իր հանձնաժողովը՝ մասնավորապես մայրաքաղաքի միջոցառումների կազմակերպման, անցկացման համար։ Քաղաքապետարանը սպասարկելու է նաև պետական հանձնաժողովի ծրագրերը։
Բացի միջոցառումների անցկացման սպասարկումը, քաղաքապետարանը իրականացրել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ու հուշարձանների հարակից տարածքների բարեկարգման, կանաչապատման աշխատանքներ։ Մասնավորապես՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում 21 ցայտաղբյուր է կառուցվել, տարածքը կահավորվել է նստարաններով, անցկացվել է լուսավորության նոր ցանց՝ նոր լուսատուներով, Ծիծեռնակաբերդի ամբողջ ճեմուղին կահավորվել է ձայնային սարքավորումներով։
Ապրիլի 23-ի ու 24-ի բոլոր գլխավոր միջոցառումները ուղիղ հեռարձակվելու են ոչ միայն հեռուստատեսությամբ, այլև Հանրապետության հրապարակում և Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տեղադրված տեսաէկրաններին։
Ապրիլի 23-ին՝ ժամը 20։00-ին սկսվող System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի համերգից առաջ Հանրապետության հրապարակում տեղադրված էկրաններին Էջմիածնի Մայր տաճարից ուղիղ հեռարձակվելու է Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի սրբադասման արարողությունը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում հնչող երաժշտությունը կլինի կենդանի կատարմամբ և կհեռարձակվի ճեմուղու ողջ երկայնքով։
«Ապրիլի 24-ին առավոտյան մեկնարկող արարողակարգային միջոցառումից հետո՝ ժամը 13։00-ից Կիևյան փողոցի կողմից դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղին բաց կլինի բոլոր քաղաքացիների համար։ Երթին զուգահեռ տեղի կունենան օրվա խորհրդով մշակութային միջոցառումներ. 4 հարթակներում կենդանի կատարումնեով մեր երկրի լավագույն մենակատարները, խմբերն ու համույթները հանդես կգան թեմատիկ ինչպես դասական, այնպես էլ նոր ստեղծագործություններով։ Այս կատարումները նույնպես ուղիղ կհեռարձակվեն ամբողջ ճեմուղով»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։
Խստագույնս բացառվելու է բացօթյա առևտուրը Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղում և մուտքի մոտ։ «Բացօթյա առևտուրը օրենքով արգելված է և այս առումով կանոնակարգված կլինի. միայն ծաղկավաճառներին է վաճառքի թույլատվություն տրված Հալաբյան-Կիևյան փողոցների խաչմերուկի հատվածում, ստորգետնյա անցումում, ինչպես նաև Բարեկամություն հրապարակից մինչև Օրբելի փողոցի խաչմերուկ։ Կան կազմակերպություններ, որոնք նախաձեռնել են ծաղիկներն անվճար բաժանել. նրանք ևս թույլտվություն ունեն»,- ընդգծել է քաղաքապետի տեղակալը։
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած քաղաքացիներին դպրոցականները նվիրելու են Հայաստանի բոլոր դպրոցների աշակերտների պատրաստած Անմոռուկները, որոնցից 400.000-ը, ի դեպ, պատրաստել են Երևանի աշակերտները։
Ապրիլի 24-ին՝ ժամը 20։15-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկելու է «Վերածնունդ» խորագրով մշակութային միջոցառումը, որը բաղկացած է 4 ենթախորագրերից՝ «Երախտագիտություն», «Հիշողություն», «Միջազգային պայքար», «Վերածնունդ»: «Հիշողություն» հատվածում վավերագրական բացառիկ կադրեր են ցուցադրվելու։
«Տեսաշարերով կցուցադրվեն բացառիկ տեսանյութեր, որոնք տարբեր երկրներից նոր են բերվել Հայաստան։ Նույնիսկ մտածում էինք՝ արժե՞ այդ դաժան տեսարանները ներկայացնել։ Այնուամենայնիվ կարևորում ենք դրանց ցուցադրումը»,- նշել է քաղաքապետի տեղակալ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ռեժիսոր Արամ Սուքիասյանը։
Ապրիլի 23-ին և 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է մինչև 01։00-ն՝ այդ երկու օրերին բազմահազարանոց համերգների, ինչպես նաև ապրիլի 24-ին Ջահերով երթի մասնակից քաղաքացիների տեղաշարժը ապահովելու նպատակով։ Բացի այդ, ապրիլի 24-ին՝ ժամը 13։00-ից Բրազիլիայի հրապարակից ավտոբուսների երթուղիներ կգործեն դեպի Երևանի մետրոպոլիտենի Զորավար Անդրանիկ և Բարեկամություն կայարաններ։
Արամ Սուքիասյանը նշել է նաև, որ այս օրերին, բացի պետական մեծաթիվ պատվիրակություններից, Երևան են ժամանելու նաև Երևանի գործընկեր քաղաքների, մասնավորապես Ամանի և Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունները՝ բավական մեծ կազմով։
Նմանատիպ նյութեր
802 դիտում
14:56 16-12-2014
Վիեննայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված բարեգործական երեկո է կազմակերպվել
1624 դիտում
20:13 19-01-2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին նվիրված երեկույթ՝ Հունաստանում
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը