211652_close_icon
views-count797 դիտում article-date 12:33 14-04-2015

Հայաստանը ներկայացվել է Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառում

Ս. թ. ապրիլի 14-ին, ժամը 14:00-ին, Մեծ բրիտանիայի մայրաքաղաքում կբացվի Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառը: Հայաստանի տաղավարի պաշտոնական բացումը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժամը 17.00-ին: Բացման արարողությանը կմասնակցեն եվրոպացի գրողներ, ովքեր մինչ այդ` «Գրական տապան» փառատոնի շրջանակում, եղել են Հայաս­տանում: Գրողները հատվածներ կկարդան Հայաստանի մասին իրենց ստեղծագոր­ծություններից: Տոնավաճառում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքերը՝ հատուկ շեշտելով օտալեզու հրատա­րա­կությունները, որոնց թվում կլինի ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված մոտ 300 անուն գիրք՝ Հայաստանից և արտերկրից: Առանձին հատված կնվիրվի Հայոց ցեղասպանության խնդիրներն արծարծող գրակա­նությանը: Տաղավարում ներկայացված կլինեն լոնդոնաբնակ պատմաբան Ռուբեն Գալըչյանի ուսումնասիրությունները, որոնցում ներկայացվում է Հայաստանը աշխարհի քարտեզներում: Տեղի կունենան մի շարք միջոցառումներ և շնորհան­դեսներ, այդ թվում՝ Ջորջ Ջերջյանի «Լուսաբաց մեկ դար անց» գրքի և ֆիլմի ներկայացումը, Նուրիցա Մաթոսյանի «Արշիլ Գորկի, Հրանտ Դինք» խորագրով ելույթը, Ջոնաթան Թեյլորի «Զվարճացնող օտարները» և այլ գրքերի շնորհանդեսներ: Տեղի կունենա Վասիլի Գրոսմանի «Հայկական ալբոմ» գրքի շնորհանդեսը, որը կներկայացնի թարգմանիչ Ռոբերտ Չանդլերը: Գիրքը պատմում է Գրոսմանի՝ խորհրդային շրջանում Հայաստանում անցկացրած ամիսներին ստացած տպավորությունների մասին: Ապրիլի 15-ին, ժամը 18:30-ին, «Քարլթոն Հաուս Թերաս» ակումբում տեղի կունենա նաև Ջեֆրի Ռոբերթսոնի «Անհարմար ցեղասպանություն. ո՞վ է հիմա հիշում հայերին» գրքի շնորհանդեսը: Այս տարի ՀՀ մշակույթի նախարարության և Հայ գրականության հիմնադրամի համագործակցությամբ մեկնարկել է նպատակային թարգմանություն­ներին աջակցելու ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է աջակցել արտերկրի այն հրատարակչություններին, որոնք կթարգմանեն և լույս կընծայեն Հայոց ցեղաս­պանությանը նվիրված գեղարվեստական և հանրամատչելի գրականություն: Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառի ողջ ընթացքում, վերոնշյալ ծրագրի ներկայացման նպատակով` մի շարք հանդիպումներ տեղի կունենան արտերկրի հրատա­րակչությունների հետ: Հայաստանյան պատվիրակության կազմում կլինեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալվարդ Սերոբյանը, Հայ գրականության հիմնադրամի տնօրեն Արևիկ Աշխարոյանը և հոլանդացի գրող, «Գրական տապան» փառատոնի մաս­նակից Սերժ վան Դայնհովենը: Լոնդոնի գրքի միջազգային տոնավաճառի մասին մանրամասն ծանոթությունների համար այցելել տոնավաճառի պաշտոնական [url=http://www.londonbookfair.co.uk/]կայքը[/url]:

Նմանատիպ նյութեր