754 դիտում
16:38 13-04-2015
Գնահատվել են Երևանի շրջանների աշխատանքների մարտ ամսվա և առաջին եռամսյակի աշխատանքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի մարտ ամսվա և առաջին եռամսյակի գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների մարտ ամսվա ամփոփ ցուցանիշներ` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Շենգավիթ, իսկ երրորդ տեղը՝ Դավթաշեն վարչական շրջանը:
Մարտ ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նորք-Մարաշ, Նուբարաշեն և Կենտրոն վարչական շրջանները: Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում անցած երեք ամիսների ընթացքում կատարված աշխատանքների ամփոփ տվյալների համաձայն էլ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Դավթաշեն, իսկ երրորդ տեղը՝ Շենգավիթ վարչական շրջանը: 2015թ.-ի առաջին եռամսյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով ամենացածր ցուցանիշները գրանցել են Կենտրոն, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները:
Անդրադառնալով արդյունքներին և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ու կատարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող ամենօրյա կանոնակարգված աշխատանքով:
«Պարզապես պետք է հետևողականություն և ամենօրյա աշխատանք, որպեսզի տարբեր ոլորտներում կարողանաք ապահովել անհրաժեշտ ցուցանիշները: Ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջն է ձեզանից, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումներն ու ըստ ոլորտների տանել հետևողական աշխատանք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»