Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ Նորամարգում
Արարատի մարզում շարունակվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրած միջոցառումների շարքը: Նորամարգ համայնքի միջնակարգ դպրոցում կայացել է միջոցառում, որը կրել է «Հայ վրիժառուներ» խորագիրը:
Միջոցառմանը ներկա են եղել Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն, գերաշնորհ տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Թաթուլ քահանա Գասպարյանը:
Միջոցառումը նվիրված է եղել Հայ վրիժառուներից մեկին ` Սողոմոն Թեհլերյանին, որի կողմից 1921թ. մարտի 15-ին Բեռլինում սպանվել է եղեռնագործներից մեկը` Թալեաթ փաշան: Ներկայացումը, որի ընթացքում հանդիսատեսը ականատես է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը, հագեցած է եղել աշակերտների սահուն խաղով, հետաքրքիր բեմադրությամբ:
Միջոցառման ավարտին ներկաներին իր օրհնությունն է փոխանցել Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու պահանջատիրությանը, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը դրա հիմքում մատնանշել է ժողովրդի զորացումը բոլոր առումներով և ասել, որ միմյանց նկատմամբ սերն ու ամրությունը միայն կարող են հաղթանակի և երազելի ապագայի հիմքերը դնել: