Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ անցկացվող համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին միացել են մայրաքաղաքի կրթական հաստատությունները: Դպրոցների աշակերտները շաբաթօրյակի ժամանակ նախ մաքրել և աղբից ազատել են իրենց կրթօջախների հարակից տարածքները, ապա միացել վարչական շրջանում ընթացող աշխատանքներին:
Աշակերտները շաբաթօրյակ-ծառատունկին մասնակցել են հատուկ պաստառներով՝ իրենց հասակակակիցներին և մեծերին կոչ անելով մաքուր պահել սիրելի մայրաքաղաքը: Դպրոցականները ակտիվ են եղել նաև ծառատունկին՝ խոստանալով, որ անպայման հետևողական են լինելու և իրենց տնկած ծառերը խնամելու են:
Ուսուցիչները, ովքեր ևս մասնակցել են աշխատանքներին, իրենց հերթին նշել են, որ նմանօրինակ նախաձեռնությունները դաստիարակչական կարևոր նշանակություն ունեն: