211652_close_icon
views-count929 դիտում article-date 16:25 07-04-2015

Ամփոփվել են ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. գործունեության արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014 թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թ. հավաքագրվել է շուրջ 3 մլրդ 697 մլն ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.3 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884.000 ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.1 տոկոսով: Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014 թ. իրականացվել է 214.168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում (2013 թ. համապատասխանաբար 190.690՝ աճել է 11.9 տոկոսով և 732՝ աճել է 2.2 տոկոսով): Ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187.345 որոշման կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 17241 տեղեկատվություն, որից 8797-ը քարտեզագրական նյութերի վերաբերյալ: Սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 354.552 դիմում, տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ: Կոմիտեում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում: Անշարժ գույքի գնահատողի, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 82 հայտատուի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ս.թ. ապրիլի 3-ին բացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ համակարգի կադրային ռեզերվի ստեղծման և աշխատակիցների վերապատրաստման համար: Մարտին Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման արդյունքում Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորմամբ կազմավորվել է «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ: Որպես պիլոտային ծրագիր Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևանում կազմավորվել է «Մարզերի միավորված» ստորաբաժանումը՝ նպատակ ունենալով սահմանափակել պաշտոնյա-քաղաքացի շփումը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը: Շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրի շրջանակում արդյունավետ գործակցություն է ծավալվել Արցախի կադաստրի համակարգի հետ՝ տեխնիկական միջոցների տրամադրում, մասնագետների ուսուցում և այլն: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև կոմիտեի 2015 թ. գերակա խնդիրները և ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության ծրագրող նախատեսված միջոցառումները: Ամփոփելով քննարկումը և անդրադառնալով կոմիտեի 2015 թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է կադաստրի համակարգի գործունեության թափանցիկության ու մատչելիության ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքները և բարեփոխումները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման կարևորությունը՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով, «Ուսումնամեթոդական կենտրոնում» որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված այլ ծրագրերը:

Նմանատիպ նյութեր