211652_close_icon
views-count785 դիտում article-date 16:16 07-04-2015

Կրթությունը ոչ թե կարիք է, այլ իրավունք. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկա է գտնվել Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կազմակերպված սոցիալական ներառականության թեմայով ազգային պատանեկան վեհաժողովին: Միջոցառմանըմասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է, որ կրթության իրավունքի և կարիքների իրացման համար բոլոր երեխաների համար, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ստեղծվեն հավասար նպատակային հնարավորություններ. «Ես համոզված եմ, որ կրթությունը ոչ թե կարիք է, այլ իրավունք: Անչափ կարևոր է, որ մեր պետությունը կարողանա բոլոր երեխաների համար ստեղծել մեկնարկային հավասար պայմաններ, որպեսզի մենք Հայաստանում հնարավորություն ունենան նպատակային կրթություն ապահովել յուրաքանչյուր երեխայի համար »,- իր խոսքում ընդգծել է նախարար Ա. Աշոտյանը և հավելել, որ ներառական կրթության ուղղությամբ Հայաստանում լուրջ բարեփոխումներ են կատարվել: «Հայաստանն ընդունել է տոտալ ներառականություն սահմանող օրենք՝ հանրակրթության ոլորտում, որը հնարավորություն է տալիս Հայաստանի ցանկացած դպրոցում կազմակերպել ներառական կրթություն՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Մեր բոլորի համատեղ ջանքերով պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ օրենքը լիովին կիրառվի»,- նշել է Ա. Աշոտյանը և առիթն օգտագործելով՝ շնորհակալություն հայտնել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին՝ կրթության հարցերում նախանձախնդիր և հետևողական լինելու համար: Դեսպանն իր հերթին ընդգծել է, որ ՀՀ ԿԳՆ-ն առանձնահատուկ աջակցություն և շահագրգռվածություն է ցուցաբերել Հայաստանի 1000 դպրոցականների մասնակցությամբ սոցիալական ներականության թեմայով երկամսյա ծրագրի իրագործմանը, որի ավարտը ազդարարվել է ազգային պատանեկան վեհաժողովով: Ծրագրի շրջանակում հայ պատանիներն անդրադարձ են կատարել սոցիալական ներառման և հաշմանդամության հարցերին, իսկ ավագ դպրոցի 50 ուսուցիչներ մասնակցել են վերապատրաստումների և քննարկել Նյու Յորք Թայմսի բեսթսելեր «Հրաշք» վեպը դասապլաներում ընդգրկելու հարցը: Գիրքը դեսպանության աջակցությամբ թարգմանվել է հայերեն: Միջացառման ավարտին ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել Հայաստանում ներառական կրթության կազմակարպման խնդիրներին:

Նմանատիպ նյութեր