Ես թույլ չեմ տա որևէ դեսպանի միջամտել իմ արտերկրյա այցերի որոշումներին. Միլոշ Զեմանը` ԱՄՆ դեսպանի մասին
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյի հետ` իր հասցեին նրա կատարած հայտարարությունների պատճառով:
Ինչպես հայտնում է ТАСС-ը, ԱՄՆ դեսպան Շապիրոն օրերս չեխական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս անդրադարձել է Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյա տարելիցի տոնակատություններին Չեխիայի նախագահի մասնակցությանը: Դեսպանը հայտարարել է, թե մայիսի 9-ի միջոցառումներին նախագահ Զեմանի մասնակցությունը կհանգեցնի Ուկրաինայի հարցով Արևմուտքի դիրքորոշման վարկաբեկմանը: Իսկ Եվրամիության անդամ-երկրներից որևէ ղեկավարի մասնակցությունն այդ միջոցառումներին` դեսպանը որակել է որպես անհեռատես քայլ:
Նշենք, որ Չեխիայի նախագահը անթույլատրելի է համարել ԱՄՆ դեսպանի արտահայտությունները և նշել, որ Շապիրոյի համար այսուհետ Պրաժսկի Գրադի դռները փակ են: «Ես թույլ չեմ տա որևէ դեսպանի միջամտել իմ արտերկրյա այցերի որոշումներին: Չեմ կարող պատկերացնել, որ Վաշինգտոնում չեխական դեսպանը երբևէ խորհուրդներ տար ԱՄՆ նախագահին, թե ուր մեկնի նա»,- ասել է Զեմանը: