Համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այն ուղղված է Ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովելուն։
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ընդհանուր աշխատանքի որակապես նոր փուլ մտնելու կապակցությամբ և նշել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային ծառայությունների ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքներին:
Նրա խոսքով՝ 2014 թվականից գործարկված քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը ոչ միայն բարելավում է ծառայության որակն ու կրճատում ժամկետները, այլև ճշգրիտ վիճակագրություն վարելու հնարավորություն է տալիս:
Համագործակցության հուշագիրը կնպաստի նաև երկու կառույցների միջև փաստաթղթաշրջանառության դյուրացմանը, փաստաթղթային շրջանառության ընթացքում սխալների և բացթողումների բացառմանը, պետական բյուջեից կատարվող ծախսերի կրճատմանը: