ՏԿԱԻ նախարարը ներկայացրեց Կոտայքի նորանշանակ մարզպետին
Ապրիլի 2-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մարզպետարանի աշխատակիցներին և համայնքապետերին ներկայացրեց Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանին: Նշենք, որ կառավարության որոշմամբ սեփական դիմումի համաձայն Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն ազատվել է մարզպետի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Իր և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունից ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը շնորհակալություն հայտնեց Արամ Հարությունյանին կարճաժամկետ պաշտոնավարման ընթացքում կատարած մեծ աշխատանքի համար։
Նախարարն իր ելույթում ներկայացրեց նորանշանակ մարզպետին և նրա աշխատանքային փորձը` մաղթելով նորանոր ձեռքբերումներ մարզում կատարվելիք աշխատանքների հարցում: «Չնայած իր երիտասարդ տարիքին, Կարապետ Գուլոյանն ունի հարուստ աշխատանքային փորձ, և համոզված եմ, որ հաջողությամբ կհաղթահարի իր առջև դրված խնդիրները», - եզրափակեց նախարարը:
Երախտիքի խոսքով հանդես եկավ նաև նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանը: «Շնորհակալ եմ ՀՀ նախագահից և վարչապետից մարզպետի պաշտոնը ինձ վստահելու համար: Ուժ և եռանդ չեմ խնայելու ի շահ Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար աշխատելու հարցում, և մեծ պատասխանատվությամբ կկատարեմ մարզում կիսատ մնացած աշխատանքները», - հավելեց Կ. Գուլոյանը: