211652_close_icon
views-count1310 դիտում article-date 20:50 27-03-2015

Տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ներկայացվել են ողջ տարվա ընթացքում իրականացվելիք հոբելյանական միջոցառումները: Ըստ միջոցառումների ծրագրի՝ մայիսի 9-ին տոնական միջոցառումներ կանցկացվեն Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի «Անհայտ զինվորի» հիշատակին, տեղի կունենա զինվորական շքերթ եւ համերգային ծրագիր: Նույն օրը Հանրապետության հրապարակարում եւս կանցկացվի տոնական մեծ համերգ եւ հրավառություն՝ 70 համազարկով: Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերանների պատվիրակությունը կմասնակցի Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին: Տարվա ընթացքում կկազմակերպվի գիտագործնական կոնֆերանս, կհրապարակվեն ակադեմիական հոդվածներ, «Մայր Հայաստան» եւ հանրապետության մյուս թանգարաններում Հայրենական Մեծ պատերազմի թեմայով կանցկացվեն հոբելյանական ցուցահանդեսներ, հուշ ցերեկույթներ, կտպագրվի նաեւ հոբելյանական գրականություն: Երեւանում եւ մարզերում կցուցադրվեն հաղթանակի թեմայով ֆիլմեր, կբեմադրվեն թատերական ներկայացումներ: Զորամասերում, բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ հանրակրթական դպրոցներում կկազմակերպվեն հանդիպումներ վետերանների մասնակցությամբ, կանցկացվի «Մենք հաղթանակի սերունդներն ենք» ստեղծագործական շարադրությունների համաբանակային եւ համադպրոցական մրցույթ: Կհայտարարվի «Հարգանքի տուրքի միամսյակ», ինչի շրջանակում կանաչապատման ու բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն Հայրենական Մեծ պատերազմին նվիրված հուշարձանների, հուշակոթողների, հուշահամալիրների տարածքներում: Տարվա ընթացքում Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներին պետության կողմից կտրամադրվի երաշխավորված բժշկական օգնություն: Նրանք կապահովվեն նաեւ առողջարանների եւ հանգստյան տների ուղեգրերով: Նիստին ներկա «Վետերանների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Սիմոն Եսայանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վետերանների ամենամսյա պատվո վճարը կրկնապատկելու ՀՀ կառավարության ընդունած որոշման համար եւ նշել, որ այն խանդավառությամբ է ընդունվել վետերանների կողմից:

Նմանատիպ նյութեր