1138 դիտում
13:55 26-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիբանանում
Ապրիլի 24-ին առավոտյան Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվեց հանդիսավոր սուրբ պատարագ, որին Մայրավանքի բակում հաջորդեց հոգեհանգստյան արարողություն՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Այնուհետև Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի մարմինը, հայկական կուսակցությունների ղեկավարները, ազգային, հայրենակցական, երիտասարդական, մշակութային և այլ կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ զետեղեցին Անթիլիասի Մայրավանքի բակում գտնվող «Նահատակաց հուշարձանի» մոտ: Միջոցառման ընթացքում հաղորդվեց հարյուրավոր ներկաներին ուղղված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հայրապետական պատգամը:
Ապրիլի 24-ի երեկոյան Ս. Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի բակում մատուցվեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված սուրբ պատարագ՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի նախագահությամբ:
Պատարագից հետո Հայ կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Մեծ Եղեռնի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան և ծաղկեպսակների զետեղման արարողություն՝ Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցների, Լիբանանում ՀՀ դեսպանի մասնակցությամբ:
Նախորդ օրը՝ ապրիլի 23-ի երեկոյան, Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի երիտասարդական մարմինը կազմակերպել էր մոմավառության քայլարշավ Բուրջ Համուտից մինչև Բեյրութի նահատակաց հրապարակ:
Տասնյակ հազարավոր հայորդիներ «Նահատակաց հրապարակում» մասնակցեցին ոգեկոչման ձեռնարկին` լիբանանյան պետական, քաղաքական, կուսակցական մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, հոգևորականների ներկայությամբ:
Ելույթներով հանդես եկան երիտասարդական մարմինների անդամներ Արին Ղազարյանն ու Աշոտ Բագրատունին, որոնք նշեցին, որ հայ երիտասարդները կշարունակեն իրենց պայքարը հանուն պատմական ճշմարտության հաստատման:
Ապա ելույթով հանդես եկավ Լիբանանի ներքին գործերի նախկին նախարար Զիադ Բարութը, ով նշեց, որ ապրիլի 24-ին կանգնած է հայության կողքին: Նա հարգանքի տուրք մատուցեց հայ նահատակների հիշատակին՝ ընդգծելով, որ հատուկ վերաբերմունք ունի այն հայերի նկատմամբ, որոնք շարունակեցին գոյատևել հակառակ տառապանքների և արհավիրքի:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Հայկազյան համալսարանի նախագահ, դոկտոր Փոլ Հայտոսթյանը: Նա նշեց, որ 99 տարի առաջ տեղի ունեցած ահավոր ողբերգութունից հետո հայությունը չգնաց դեպի անորոշ ապագա, չկորցրեց իր լույսն ու հույսը, այլ կարողացավ վերագտնել իր տունն ու ինքնությունը:
Հայ Կաթողիկե պատրիարքարանում տեղի ունեցավ նաև հայ կաթողիկե երիտասարդական միությունների կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հսկման երեկո, որին ներկա էին դեսպան Քոչարյանը, պետական պաշտոնյաներ, հոգևոր առաջնորդներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և ղեկավարներ, Լիբանանի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կենտրոնական մարմնի անդամներ:
Բացման խոսքով հանդես եկան Ռուբինա Թովմասյանը և Կարո Մարաշլյանը: Ելույթով հանդես եկավ նաև Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակի տնօրեն տիկին Վերա Յակուբյանը, ով համառոտ ներկայացրեց Հայ Դատի պատմությունը: Հայր Անդրանիկ Ծ.Վ. Կռանյանը ներկայացրեց Հայ Կաթողիկե պատրիարքարանի բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պատմությունը:
Նմանատիպ նյութեր
1088 դիտում
11:47 23-03-2015
Լիբանանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
2738 դիտում
16:39 21-07-2015
Լիբանանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել
1214 դիտում
21:18 11-04-2014
Լիբանանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո
Այս բաժնից
1018 դիտում
22:02 27-11-2024
«Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանքի նկատմամբ
736 դիտում
21:21 27-11-2024
Երևանի քաղաքապետն այցելել է Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն
943 դիտում
21:08 27-11-2024
ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին