Գավառի պետական համալսարանը 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ
Այսօր՝ հունիսի 15-ին, տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց Գավառի պետական համալսարանի (ԳՊՀ) ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցը:
Հանձնաժողովի որոշմամբ ԳՊՀ-ին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով:
Մինչ որոշման կայացումը հանձնաժողովն ուսումնասիրել էր ԳՊՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի զեկույցը և բուհի բարելավման պլանը:
Նիստի ընթացքում փորձագիտական խմբի ղեկավար Անգին Մարտիրոսյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը: Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և ԳՊՀ ներկայացուցիչներին, ապա հաջորդեց դռնփակ քննարկումն ու քվեարկությունը:
ԳՊՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացած 20-րդ բուհն է Հայաստանում:
[b] ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու
Հայկուհի Բարսեղյան[/b]