211652_close_icon
views-count2513 դիտում article-date 15:15 21-03-2015

Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը

Հանրապետությունում անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է շնչառական վարակների և գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ: ՀՀ առողջապաության նախարարության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները վկայում են, որ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը գերազանցել է համաճարակային շեմը շուրջ մեկ ու կես անգամ: «Գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակի բռնկումը կանխարգելեու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և առաջարկությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հանրակրթական հաստատություններում գարնանային արձակուրդները երկարաձգվեցին»,- ասաց Լիանա Թորոսյանը: Նրա խոսքով` վերլուծությունները ցույց են տալիս, որ դեպքերի գրեթե 80 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում գրանցվել է 5800 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600 դեպքի դիմաց: Ներկայումս ստացիոնար պայմաններում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 570 հիվանդ: 160-ի մոտ արձանագրվել է թոքաբորբ, որոնցից 120-ը մանկահասակ երեխաներ են: Նշենք, որ թոքաբորբը զարգացել է ուշացած դեպքերում: Այս տարի սուր շնչառական վարակներով պայամնավորված մահվան դեպքեր չկան: «Սա էր պատճառը, որ ահազանգը հիմք ընդունելով, ինչպես նաև վերլուծելով տարածաշրջանի համաճարակային իրավիճակը առաջարկվեց երկարաձգել գարնանային արձակուրդները»,- ընդգծեց բանախոսը: Գրիպի ու դրա բարդություններից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակչությանը խուսափել հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը, հրավիրել տեղամասային բժիշկին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և ամենակարևորը` չզբաղվել ինքնաբուժմամբ: Կարևոր է պահպանել նաև եղանակին համապատասխան հագնվելու, հազի և փռշտալու վարվելակարգը, ինչպես նաև անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկներ օգտագործել և փակ տարածքները հաճախակի օդափոխել:

Նմանատիպ նյութեր