211652_close_icon
views-count1445 դիտում article-date 20:05 20-03-2015

Հուշ-ցերեկույթ Վայոց ձորի մարզում` նվիրված Մեծ հայրենականի հերոս Ս. Ստեփանյանին

Ս. թ. մարտի 19-ին Վայոց Ձորի մարզի Հորս համայնքի միջնակարգ դպրոցում հանգանքի տուրք են մատուցել համագյուղացի, Հայրենական Մեծ պատերազմի Փառքի երեք շքանշանների ասպետ Ստեփան Ստեփանյանի հիշատակին: Միջոցառումը նախաձեռնել են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայությունը` Վայոց ձորի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային մասնաճյուղի աջակցությամբ: Հայրենիքի նվիրյալին ու մեծ հայրենասերին նվիրված միջոցառմանը ներկա են եղել ոչ միայն համագյուղացիները, այլև ընտանիքի անդամներն ու հարազատները: Ներկաները նախ ծանոթացել են Ստեփան Ստեփանյանի հերոսական ուղուն նվիրված ցուցադրությանը: Փառքի անկյունում ներկայացվել են նրա անձնական իրերը, հերոսական ուղու մասին վկայող փաստեր: Ապա միջոցառումը շարունակել են համայնքի միջնակարգ դպրոցի բարձր դասարանների աշակերտները: Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական ակնարկն ուղեկցվել է էկրանին ցուցադրվող խորհրդային զորքերի հաղթարշավներով, հաղթական երգերով, խրոխտ երաժշտությամբ: Միջոցառումը եզրափակել է Վայոց Ձորի մարզի Գետափ համայնքի պարի համույթը: Ելույթներով հանդես են եկել ՀՀ ՊՆ 4-րդ կորպուսի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի ժ/պ, փոխգնդապետ Վահագն Շահբազյանը, հերոսի որդին՝ Աշոտ Ստեփանյանը, Հորսի համայնքապետ Շմավոն Ամիրգուլյանը: ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը մասնավորապես նշել է. «Հայոց պատմության խորքերից մեզ հասած, փառահեղ անցյալ ունեցող Հորս գյուղը, որտեղ գտնվել են Օրբելյան Չեսար իշխանի պալատական կառույցները և պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ, այսօր պարտավոր ենք շենացնել»: Դպրոցում ցուցադրվել են նաև Հայրենական Մեծ պատերազմում զոհված հերոսներին նվիրված Վայոց Ձորի մարզի հուշարձանների լուսանկարները:Այսօրինակ միջոցառումները մեր հերոսների փառքի ու սխրանքների հանդեպ ապրողների խոնարհումն է, որը պարտավորեցնում են մատաղ սերնդին վառ պահել նրանց հիշատակը:

Նմանատիպ նյութեր