211652_close_icon
views-count814 դիտում article-date 14:54 18-03-2015

Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Մարտի 18-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մամլո ասուլիսը, որտեղ նա մանրամասներ է ներկայացրել մարտի 11-17-ը Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի խորհրդարանների ղեկավարների հրավերով պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ: Այցը գնահատելով արդյունավետ՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ԱԺ փոխնախագահը նշել է, որ տարբեր հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Բալթյան երկրների հետ մեր երկրի հարաբերություններին, Հայաստան- ԵՄ փոխգործակցությանը, ԼՂ հակամարտության կարգավորման հարցին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցին: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ Բալթյան երկրները ցանկանում են զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր մակարդակնեում: Անդրադարձ է եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին. ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, քանի որ Հայաստանում ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա: Հետխորհրդային որոշ երկրներում առկա հակամարտությունների, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումների ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ հայկական կողմը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ որ ԼՂՀ անկախությանն այլընտրանք չկա: Խնդրի վերաբերյալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ադրբեջանական կողմն արհամարհում է երեք սկզբունքներից առնվազն երկուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն ու խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ նշվել է, որ Հայաստանը եղել եւ մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կողմնակից: ԱԺ փոխնախագահը պարզաբանել է, որ Թուրքիան ոչ միայն չի վավերացրել հայ-թուրքական արձանագրությունները, այլեւ գործում է հակաժողովրդավարական մեթոդներով եւ առայսօր շարունակում է Հայաստանի շրջափակումը: ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ Լատվիայում, Լիտվայում եւ Էստոնիայում, այդ երկրների խորհրդարանների ղեկավարների աջակցությամբ կազմակերպվել են լուսանկարների եւ վավերագրերի ցուցադրություններ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա տեղեկացրել է, որ նման ցուցադրություններ նախատեսվում են նաեւ Հունաստանում եւ Կիպրոսում: Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ Լատվիայի խորհրդարանն առաջիկայում նախատեսում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարության նախագիծ քննարկել: ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի խորհրդարանների ղեկավարներին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավար Հայկ Դեմոյանին եւ բոլորին, ովքեր աջակցել են ցուցադրությունների իրականացմանը:

Նմանատիպ նյութեր