ՀՀ կառավարության եւ Եվրոպական միության միջեւ փաստաթղթեր են ստորագրվել
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է երեք փաստաթուղթ՝ «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի 10 մլն եվրո ծավալով վարկային համաձայնագիրը, որն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որն ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ԵՆԲ փոխնախագահ Վիլհելմ Մոլտերերը, KfW զարգացման բանկի էներգետիկայի եւ տրանսպորտի ծրագրերի ղեկավար Յան Բլումը, ինչպես նաեւ «Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի հիմնադրամին Հայաստանի անդամակցության մասին» ներդրման համաձայնագիրը: Վերջինն ստորագրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը եւ ՎԶԵԲ-ի (EBRD) կողմից E5P հիմնադրամի ղեկավար Անդրես Լանդը:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է փաստաթղթերի ստորագրումը եւ վստահություն հայտնել, որ դրանք իրենց նշանակալի դերն ու ավանդը կունենան թե Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում, թե Հայաստանի տնտեսության զարգացման գործում: