ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ՏԿԱԻ նախարարությանը
Մարտի 10-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը հանդիպել է ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (OCHA) Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Ուկրաինայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասենին:
Հիմնական նպատակն էր քննարկել հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի սեպտեմբերին կայանալիք արտաքին որակավորման, ներքին կարողությունների (տարածքային թիմերի ստեղծում) զարգացման և Հայաստանում աղետի գոտում գործողությունները համակարգող կենտրոնի մասնագետների (OSOCC) դասընթացների անցկացման հարցերը:
Հանդիպման սկզբում ՓԾ տնօրենը նշեց, որ աշխատանքներ են տարվում երկու հիմնական ուղղություններով` փրկարարական թիմի արտաքին որակավորման նախապատրաստում և մարզերում կադրերի կատարելագործում ու տեխնիկական հագեցվածության բարելավում:
- Դրանով մենք շատ մեծ պարտավորություն ենք ստանձնել,- նշեց Ս. Ազարյանը,- քանի որ փրկարարական թիմերի արտաքին որակավորման համար ոչ միայն լավ պատրաստված փրկարարներ են անհրաժեշտ, այլև` լուրջ նյութատեխնիկական ու օրենսդրական ապահովում:
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչ Մ. Վասենը հավաստեց, որ իրենք պատրաստ են հնարավորինս աջակցել մեր երկրին այդ հարցերում:
Քննարկվեցին նաև ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի միջև հուշագրի պատրաստման խնդիրները, ՌԴ ԱԻՆ-ի հետ համատեղ (OSOCC) դասընթացների կազմակերպման ժամանակացույցը և այս տարվա ընթացքում ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերը: Մասնավորապես` նախատեսվում է Հայաստանում ներդնել կարիքների բացահայտման ու գնահատման նոր մեխանիզմ և շարունակել աշխատանքները ռիսկերի քարտեզների ու տվյալների բազաների մշակման ուղղությամբ: