Թուրքիան փորձում է համոզել Եգիպտոսին երկարաձգել Ro-ro բեռնափոխադրումների մասին պայմանագիրը
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զոյբեքչին հայտնել է, որ Եգիպտոսը հրաժարվում է երկարաձգել Թուրքիայի հետ ծովային «ro-ro» բեռնափոխադրումների վերաբերյալ պայմանագիրը:
Ներկա դրությամբ կողմերը քննարկում են պայմանագիրը, սակայն Մուհամեդ Մուրսիին գահընկեց անելուց հետո երկու երկրների միջև առաջացած քաղաքական խնդիրների պատճառով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:
Զոյբեքչին նաև նշել է, որ Անկարան, այնուամենայնիվ, հույս ունի, որ Եգիպտոսի իշխանությունները կհամաձայնվեն երկարաձգել պայմանագիրը, հակառակ դեպքում Թուրքիան այլընտրանքային տարբերակներ կսկսի փնտրել:
Նշենք, որ Թուրքիան թուրքական Իսկենդերուն նավահանգստից բեռնափոխադրումներ է իրականացնում դեպի Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստ, իսկ այնտեղից՝ դեպի Իսրայել և Սաուդյան Արաբիա: Եգիպտական նավահանգստով բեռնափոխադրումները հիմնականում պայմանավորված են Սիրիայի տարածքով բեռնափոխադրումները դադարեցնելու հանգամանքով: