211652_close_icon

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

views-count1666 դիտում article-date 20:14 24-02-2015
Հարգելի խորհրդարան, Դեռեւս 2009 թվականին Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման գործընթաց, որն անշուշտ կարող էր նպաստել կայունության ամրապնդմանը մեր տարածաշրջանում: Հայաստանի Հանրապետությունը, ունենալով նախապայմաններ առաջադրելու բարոյական իրավունք, այնուհանդերձ, չգնացինք այդ քայլին՝ քաջ գիտակցելով, որ նախապայմանները ժողովրդավարության եւ երկխոսության լեզուն չեն: Սակայն Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը տարիներ շարունակ սկսեց մի կողմից թոզ փչել միջազգային հանրության աչքերին, իսկ մյուս կողմից նախապայմաններ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը: Թուրքիայի քաղաքական վերնախավի կողմից հայտարարած «զրո պրոբլեմ» հարեւանների հետ կոչվող քաղաքական կեղծ իդեան իրականում զրոյացրեց գրեթե բոլոր հարեւանների հետ հարաբերությունների բարելավման հավանականությունը: Համոզվեք ինքներդ: Կիպրոս, Սիրիա, Հունաստան եւ վերջապես Հայաստանի Հանրապետություն: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան փոխանակ հետ կանգնի նախապայմաններ թելադրելու իր ժխտողական քաղաքականությունից, հայ-թուրքական հաշտեցման գործընթացը մի կողմից շաղկապում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, իսկ մյուս կողմից սեփական պատմության հետ առերեսվելու փոխարեն միեւնույն նժարին է դնում զոհին եւ դահճին: Սա իսկապես անթույլատրելի է: Թուրքիան անելիք չունի եւ չի կարող ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտության կարգավորման բանալին Արցախի ժողովրդի ձեռքերում է: Մենք պետք է համախմբվենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցում եւ քայլեր ձեռնարկենք թուրքական ժխտողականության դեմ պայքարում: Կարծում եմ՝ այստեղ լուրջ անելիք ունի նաեւ հայոց խորհրդարանը: Գոհունակությամբ պետք է նշեմ, որ բոլոր խմբակցությունների կողմից մշակված «Օսմանյան Թուրքիայի կողմից 1914-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը եւս մեկ ապացույց է, որ մենք սկսելու ենք միասնական պայքարի նոր փուլ: Այդ պայքարի ընթացքում մենք պետք է ասենք այլեւս երբեք ժխտողականությանը, այլեւս երբեք ցեղասպանությանը, այլեւս երբեք բոլոր հանցագործություններին մարդկության նկատմամբ: Շնորհակալություն ուշադրության համար:

Նմանատիպ նյութեր