211652_close_icon
views-count1888 դիտում article-date 19:30 24-02-2015

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի′ գործընկերներ, Հայաստանում բաց հասարակություն է ստեղծված. յուրաքանչյուր ոք որտեղ ինչ կուզի կասի, ցանկացած միտք առաջ կտանի եւ քննարկումների մեջ կմտի: Սա իսկապես արժեք ու նվաճում է, որը մենք պետք է կարողանանք պահպանել: Այս հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց արդյոք այս հնարավորությունը մենք լիարժե՞ք ենք օգտագործում: Իմ կարծիքով, ո′չ: Այո′, քաղաքական խնդիրները, սոցիալական հիմնահարցերը, Հայաստանի տարբեր անկյուններում տեղի ունեցող դեպքերն ու անարդարություններն իսկապես անմիջապես դառնում են լայն քննարկման ու տարածման առարկա։ Եվ դա նորմալ է: Այդպես էլ պետք է լինի: Սակայն իմ խորին համոզմամբ դա քիչ է: Արտահայտվելու այսպիսի ազատությունների պայմաններում տրամաբանական կլիներ, որ նույնպիսի ակտիվ քննարկումների կիզակետում լինեին նաեւ տնտեսության զարգացմանը միտված ամենատարբեր առաջարկությունները, նախաձեռնությունները, մեր երկրի այն հնարավորությունները, որոնք դեռ արդյունավետ չեն օգտագործվում: Ամենեւին համաձայն չեմ այն տեսակետին, թե կառավարությունն է միակ պատասխանատուն նոր գործարար մտքերի ու գաղափարների հղացման համար, պետությունը պետք է ամեն ինչ անի, ու մարդկանց համար աշխատատեղ ստեղծի: Համաձայն չեմ եւ վերջ: Այդպիսի մի երկիր մենք տեսել ենք արդեն. այն այլեւս չկա: Տարեցտարի ավելանում են արտերկրյա լավագույն բուհերում ուսումնառություն առած մեր երիտասարդները, ովքեր հրաշալի տիրապետում են միջազգային փորձի ուսումնասիրման արվեստին: Միեւնույն ժամանակ՝ թե մեր որ համայնքը ինչպիսի արտադրական ավանդույթներ ունի, կամ որտեղ ինչ կարելի է ավելի գրագետ աճեցնել, կամ ինչ կարելի է առաջարկել Հայաստան եկողին։ Նման այլ հարցերի շուրջ հրաշալի գաղափարներ ունեցող փորձառու մասնագետներ մեր երկրում իսկապես շատ կան: Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած մեր հազարավոր հայրենակիցները բոլորից լավ գիտեն, թե որտեղ եւ ինչ կարելի է արդյունավետ իրացնել այդ մեծ շուկայում: Ո՞վ եւ ինչպե՞ս պետք է բոլոր այս սեգմենտները միացնի իրար, աշխատող ու եկամտաբեր գաղափարներ բյուրեղացնի եւ գործարար ծրագրերի համար հումք տա: Միացնի Սորբոնն ավարտող Արմենին, Պսկովում գյումթերքներ իրացնող Հայկին, լոլիկի համն ու հոտը հրաշալիորեն ստացող վարպետ Գեղամին ու ներդրումային ծրագրեր փնտրող իքս ընկերությանը: Կարծում եմ՝ առաջին հերթին՝ բաց հասարակությունը: Հանրային քննարկումը կարող է մի տեղ հավաքել ու կապել բոլոր այդ մարդկանց: Սա մի թեմա է, որի շուրջ ես հրավիրում եմ բոլորի ուշադրությունը, հատկապես մեր երիտասարդ լրագրողների եւ ակտիվ մարդկանց: Համոզված եմ, որ եթե լրջորեն լծվենք նման բանավեճի ծավալմանը, ապա հաստատ արդյունքներ կունենանք՝ օգուտ տալով մեր երկրին ու տնտեսությանը:

Նմանատիպ նյութեր