211652_close_icon
views-count913 դիտում article-date 17:48 02-12-2014

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կ. Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Երեկ Ադրբեջանի միապետը նշել է, թե Հայաստանը չի ցանկանում առաջընթաց Արցախյան հիմնահարցում՝ փորձելով պահպանել ստատուս քվոն։ Ալիեւը հիշեցրել է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, որոնք իբրեւ թե անտեսվում են Հայաստանի կողմից։ Ադրբեջանի նախագահի կողմից նշված չորս բանաձեւերի վերաբերյալ շահարկումներին լավագույնս անդրադարձել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այս տարի սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում։ Թարմացնենք Ալիեւի հիշողությունը՝ մեջբերելով Հայաստանի նախագահի ելույթից հատվածներ։ ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձեւերում որպես առաջնային եւ անվերապահ պահանջ նշվում է ռազմական եւ թշնամական գործողությունների դադարեցումը, ինչն այս տարիների ընթացքում չի իրականացվել Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից այս բանաձեւերի հիմնարար պահանջները չկատարելու հետեւանքով էր, որ անհնար դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձեւերում կոչ է արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջեւ՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական եւ բարոյական նորմերը: Նշված բանաձեւերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Արցախի հետ, որը 1994թ. հրադադարի եւ մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլեւ թշնամանք է քարոզում։ Ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, եւ նաեւ դրա շնորհիվ 1994թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձեւերում ԼՂ-ն հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ: Ադրբեջանի շարունակում է մարդասիրական նորմերի խախտումը. գերեվարված հայերի, խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքը, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Զորավարժությունների ժամանակ «հերոսություն» են անում ուղղաթիռ խոցելով, չեն թողնում մոտենալ մեր զոհերի դիերին Սրանք ընդամենը ոչ ժողովրդավար երկրի նախագահի նյարդային դրսեւորումներն են։ Քանի որ կատարյալ ֆիասկո է ապրում Ալիեւի ռազմական արկածախնդրությունը, դե, մարդն էլ նյարդայնանում է։ Իսկ նյարդայնացողներին, ինչպես Վլադիմիր Գասպարյանն է ասում, մի մխիթարանք կա՝ սառը ցնցուղ ընդունեք։

Նմանատիպ նյութեր