211652_close_icon

Պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին կմասնակցի Արմավիրի քաղաքապետի ընտրություններին. ՉԻ

views-count3886 դիտում article-date 09:59 13-02-2015
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ երեկ աշխատանքային օրվա ավարտին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցելու համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ինքնառաջադրմամբ իր փաստաթղթերն է ներկայացրել միայն ՀՀԿ անդամ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Ըստ տեղեկությունների՝ Արմավիրում քաղաքապետի մրցապայքարին մասնակցելու մտադրություն է հայտնել նաև ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի («Արմավիրցի Նովո») որդին՝ Արտակ Գևորգյանը: Հիշեցնենք, որ վերջինս պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Որպես օրինակ հիշենք՝ 2012 թվականի ամռանն Արտակ Գևորգյանը ձերբակալվել էր ավազակային հարձակում իրականացնելու մեղադրանքով՝ զենքի սպառնալիքով երկու մեքենա առևանգելու համար: 2012 թվականի հոկտեմբերին Արմավիրի մարզի րնդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 1 տարվա պայմանական ազատազրկման և ազատ արձակել դատարանից: Ինչպես գրում էին լրատվամիջոցները՝ նրա մասնակցությամբ 2012 թվականի ապրիլի 6-ին առևանգվեց և դաժան ծեծի ենթարկվեց Արմավիրի մարզի թիվ 21 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանը: Իսկ, ահա, 3 տարի անց պատգամավորի որդին որոշել է իրեն փորձել քաղաքականության մեջ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր