2485 դիտում
19:20 11-02-2015
Հայպետհիդրոմետ ծառայության պատասխանատուները՝ եղանակային կանխատեսումների, ջրամբարների լցվածության, առկա ջրային պաշարների մասին
Փետրվարի 11-ին «Հենարան» ակումբում կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի և հիդրոլոգիայի բաժնի պետ Լևոն Ազիզյանի մամուլի ասուլիսը: Նրանք ներկայացրին առաջիկայում եղանակային կանխատեսումները, հանրապետությունում ներկա պահին ջրամբարների լցվածությունը, ինչպես նաև՝ պատասխանեցին լրագրողների հարցերին:
Հայպետհիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, տեղեկացրեց, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում մինչև փետրվարի 13-ը էապես չի փոխվի, սակայն հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ: Փետրվարի 16-ից սկսած, կապված Արկտիկայի շրջաններից հանրապետություն ներթափանցող սառը օդային հոսքերի հետ, չի բացառվում, որ հանրապետությունում կգրանցվի ջերմաստիճանի լուրջ անկում: Այս առումով օդերևութաբանները գյուղացիներին խորհուրդ տվեցին չշտապել և գյուղատնտեսական աշխատանքները վաղաժամ չսկսել:
«Ինչ վերաբերում է փետրվար-մարտ ամիսներին սպասվող եղանակային կանխատեսումներին,փետրվարի ողջ ընթացքում հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, ինչի արդյունքում ամսվա վերջին կարելի է ակնկալել ձյան ծածկույթի նորմայից ավելի քանակության առկայություն: Մարտը նույնպես սպասվում է տեղումնառատ` մանավանդ լեռնային տարածքներում, որոնք հանդիսանում են հանրապետության գետերի հիմնական ջրհավաք ավազաններ», - նշել է Գագիկ Սուրենյանը:
Հայպետհիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի բաժնի պետ Լևոն Ազիզյանը, ներկայացնելով ջրամբարներում ջրի պաշարների կուտակվածության պատկերը, անհիմն համարեց տարվա սակավաջրության կամ սպասվող երաշտի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա և չի համապատասխանում իրականությանը: Գարնանային վարարումների հոսքի մեծությունը, ջրամբարների լցվածությունը կախված են նախաձմեռային շրջանի հիդրոօդերևութաբանական պայմաններից, ձմռան ընթացքում կուտակված պաշարից և գարնանը օդի ջերմության պայմաններից: Նախաձմեռային ժամանակահատվածում հիդրոօդերևութաբանական պայմանները բարենպաստ են եղել, տեղումները կազմել են նորմայի 150-160%-ը, ինչը նպաստավոր պայման է ջրային ռեսուրսների ձևավորման համար»,-տեղեակցերեց նա:
Ինչ վերաբերվում է ձնածածկույթին, ապա, ըստ Լ. Ազիզյանի, փետրվարի առաջին տասնօրյակի դրությամբ հանրապետության խոշոր գետավազանների մեծ մասում ձնածածկույթը կազմում է նորմայի 80-90%-ը, միայն Սևանի ու Արփայի ավազանում այն կազմել է 60-70%, ինչը փոքր-ինչ ավելի ցածր է, քան` մյուս ավազաններում: Իսկ Ախուրյանի ավազանում նույնիսկ նորմայից բարձր է եղել՝ 110%:
Լ.Ազիզյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 11-ի դրությամբ Ապարանի ջրամբարում ջրի ծավալը կազմում է 12,3 մլն խմ, Ազատի ջրամբարում՝ 22,9 մլն, Ախուրյանի ջրամբարում` 140 մլն խմ:
Նմանատիպ նյութեր
9168 դիտում
20:17 29-06-2017
Ջրային տնտեսության պետական կոմիտեն հակասական հիմնավորումներ է տալիս Ազատի ջրամբարի լցվածության վերաբերյալ
Այս բաժնից
1162 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
712 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար