211652_close_icon
views-count1120 դիտում article-date 09:31 30-01-2015

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Հովնան մարգարեի հիշատակության օրը

Հովնան մարգարեն Աստվածաշնչի 12 փոքր մարգարեներից է: Հին Կտակարանում տեղ գտած «Հովնանի մարգարեություն»-ում պատմվում է, թե ինչպես Աստծո պատգամով Հովնան մարգարեն մեկնում է Նինվե` քարոզելու քաղաքի հեթանոս բնակիչներին: Սակայն նա անմիջապես չի հետեւում Տիրոջ պատգամին: Խուսափելով կատարել Աստծո պատվիրանը Հովնանը փորձում է թաքնվել Թարսիս կոչված բնակավայրում: Սակայն փախուստի ճանապարհին ծովը փոթորկվում է, որի մեջ նետված մարգարեին Աստծո հրամանով կուլ է տալիս հսկա մի կետ: Սարսափահար Հովնանն աղոթքով ու զղջումով աղերսում է Տիրոջը փրկության համար և երեք օր հետո Աստծո կամոք ազատվում բանտարկությունից: Այս անգամ անսալով Աստծո պատվիրանին` Հովնանը մեկնում է Նինվե: Սկսելով իր քարոզը` նա մարգարեանում է քաղաքի կործանման մասին: Ունկնդիր լինելով Հովնանի մարգարեությանը, սպասվածին հակառակ, Նինվեի բնակիչները` մեծից մինչեւ փոքր, անգամ թագավորը պահք են պահում եւ ապաշխարությամբ ու աղոթքով փրկում հայրենի քաղաքը վերահաս կործանումից: Հովնան մարգարեի այս օրինակը հետագայում Հիսուսը ներկայացնում է աստվածային նշան հայցող փարիսեցիներին: Հայ Առաքելական Եկեղեցում Հովնան մարգարեի հիշատակության օրը մշտապես նշվում է Առաջավորաց պահքի շրջանում, որպես խորհուրդ այն բանի, որ ճշմարիտ ապաշխարությամբ կարելի է արժանանալ Աստծո հաճությանն ու ողորմածությանը:

Նմանատիպ նյութեր