211652_close_icon

Հակառակորդի տարածքն անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի. Սեյրան Օհանյան

views-count5175 դիտում article-date 13:11 27-01-2015
Մենք ոչ թե կորցրինք, այլ գտանք մեր այն զինվորներին, որոնք բարձր պահեցին Հայոց բանակի պատիվը: Այս մասին այսօր ` հունվարի 27-ին, Բանակի օրվան ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խոսելով 2015թ. շփման գծում սկսված էլ ավելի մեծ լարվածության մասին՝ նախարարը նշեց, որ Ադրբեջանը որդեգրել է հանդուգն և լկտի պահվածք, բայց կրկին պարտվեց, քանի որ հայ զինվորն իր տունն է պաշտպանում: Նախարարն ավելացրեց, որ այս տարի էլ ենք ամրապնդելու ՀՀ ԶՈՒ ձեռքբերումներն ու դիրքերը: Անդրադռնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ խորտակիչ հարված են հասցնելու հակառակորդին, Սեյրան Օհանյանը ասաց. «1994թ. Հայաստանը ստորագրել է հրադադարի պահպանման պայմանագիր, բայց հակառակորդն անընդհատ փորձում է լարել իրավիճակը: Եթե այս սրացումները շարունակական են, եւ մենք տեսնում ենք միտումներ, անպայման պետք է իրականացնենք կանխարգելիչ միջոցառումներ: Իսկ մենք դրա հնարավորություններն ունենք: Եթե հակառակորդը կարծում է, թե հանուն հրադադարի պահպանման Հայաստանը չի դիմելու այլ գործողությունների, ապա սխալվում է: Մենք պատրաստ ենք այլ գործողությունների: Հակառակորդի տարածքն անհրաժեշտության դեպքում կարող ենք վերածել թեժ կետի, որից ինքն էլ գլուխ չի հանի»: Լրագրողների հարցին, թե սահմանին տիրող իրավիճակը չի՞ հասունացրել, արդյոք, պահը, որպեսզի դիմենք ՀԱՊԿ-ին, նախարարն ասաց, որ վերջին տարիներին ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքն ապացուցել է, որ հայկական բանակն անընդհատ հզորացող ու զարգացող զինուժ է, և չի կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Միաժամանակ ավելացրեց, որ ՀԱՊԿ-ին դիմելու հարցը պետք է քննարկվի կառավարությունում, այնուհետև` Անվտանգության խորհրդում: Իսկ Անվտանգության խորհուրդը պետք է խորհուրդ տա պաշտպանության նախարարությանը` դիմե՞լ, թե՞ չդիմել ՀԱՊԿ-ին: Սակայն նախարարը հերթական անգամ ընդգծեց, որ մենք մեր առջև դրված խնդիրները լիարժեք կարողանում ենք լուծել:

Նմանատիպ նյութեր