211652_close_icon
views-count12583 դիտում article-date 13:41 13-01-2015

Վարդան Ղուկասյանը պատրաստ է իր խնամքին վերցնել ոճրագործությունից ողջ մնացած 6 ամսական փոքրիկին, իսկ ոճրագործին, ըստ նրա, սատկացնել է պետք

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է նախօրեին Գյումրիում իրականացված դաժան ոճրագործությունից հետո ողջ մնացած 6-ամսյա փոքրիկին վերցնել իր խնամքի տակ եւ իր տանը պահել, հակառակ դեպքում՝ նրա ապրուստի ծախսերը հոգալ: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Ղուկասյանը: Հարցին, թե փոքրիկի հարազատներն ինչպես են արձագանքել այդ առաջարկին, պատասխանեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել: «Այս պահին սիրուն չի լինի, որ այդ հարցով զբաղվենք: Դեռ պետք է սպանված ընտանիքի անդամներին հուղարկավորենք, նոր նման հարցեր կքննարկենք»,- ասաց նա: Ավելացրեց, որ ամբողջ Գյումրին է սգում կատարվածը, անգամ մարդիկ հարսանիքներն ու կնունքներն են հետաձգել, իսկ ծննդյան տարեդարձներ նշելու մասին անգամ ավելորդ է խոսել: Վարդան Ղուկասյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ոճրագործությունը իրականացնողին պետք է պատժեն ամենախիստ պատժով եւ քննությունը պետք է իրականացնի հայկական կողմը: «Նմանատիպ այլանդակվածներին սատկացնել է պետք: Ուրիշ ոչ մի բան: Տվյալ երկրի ամենախիստ պատժով պետք է պատժեն` լինի ցմահ ազատազրկում, թե գնդակահարություն»,- ասաց նախկին քաղաքապետը: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ավելի ուշ պարզվել էր, որ սպանվածներն են ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը, իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ է մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որումին տեղափոխել են հիվանդանոց: Նրան վիրահատել էին: Գյումրիից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր նաեւ, որ ռուս սահմանապահներին հաջողվել է հայ-թուրքական սահմանը հատելիս Բայանդուր գյուղի վարչական տարածքում հայտնաբերել հիմնական կասկածյալին՝ զինծառայող, ՌԴ զինված ուժերի ծառայող Վալերի Պերմյակովին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալ մարդասպանին հայտնաբերելու գործողությունները ՌԴ-ի կողմից անձամբ ղեկավարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ բանակի գեներալ Արկադի Վիկտորովիչ Բախինը: Իսկ Այսօր ՀՀ Առողջապահության նախարարությունը հաղարդագրություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց տեղափոխված մինչև 1 տարեկան Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Հունվարի 12-ին կատարված վիրահատությունից հետո երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Փոքրիկին միացված է արհեստական շնչառության ապարատ: Երեխան հետվիրահատական, շոկային վիճակում է: Երեկ Գյումրիում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագիտական խումբը: Այժմ քննարկվում է երեխային Երևան տեղափոխելու հարցը: Գյումրիում 6 հոգանոց ընտանիքի սպանդի դեպքից միակ փրկված մի քանի ամսական երեխան կրծքի շրջանում կտրած-ծակած վերք է ունեցել: Կատարվել է որովայնի խոռոչի օրգանների մանրակրկիտ հետազոտություն, պարզվել է, որ որովայնի խոռոչի օրգանները վնասված չեն: 40 րոպե տևողությամբ վիրահատությունը բարեհաջող է անցել: Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Նմանատիպ նյութեր