Պատանի երկրապահները երդվել են Վարդան զորավարի տնկած ծառի մոտ
Նախօրեին Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում տեղի է ունեցել «Պահպանենք մեր ավանդույթները» միջոցառումը` Վարդան զորավարի տնկած կաղնու մոտ:
Նպատակն էր` մարզում գործող «Պատանի երկրապահ» ակումբների սաներին ծանոթացնել այն ավանդական միջոցառումներին, որոնք կոչված են բարձրացնելու հայրենասիրական դաստիարակության ոգին: Վարդան զորավարի ծառի մոտ, ըստ ավանդության, բանակ մեկնող երիտասարդները ստացել են մեծերի օրհնությունը:
Այս անգամ նախաձեռնվել էր պատանի երկրապահների երդման արարողություն: Իջևանի տարածաշրջանի դպրոցների մի խումբ պատանիներ ու աղջիկներ հավաքվել Էին Ակնաղբյուրում ու, իսկապես, նախնյաց կանչը, կարծես թե, նրանց լրացուցիչ ոգևորություն էր հաղորդել:
Երդման արարողության ավարտին կատարվել է օրհնության կարգ, հայտնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: