82-ամյա տատիկին թեժ գծից պատասխանել են. «Ուզում ես բուժվես՝ վճարի, սա Եվրոպա չէ». տատիկի հույսը Տարոն Մարգարյանն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի  2-րդ թաղամասի 3-րդ շենքի 20 բնակարանի բնակչուհի, 82-ամյա Արուսյակ Սամսոնյանը խնդրանքով դիմում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որպեսզի քաղաքապետն օգնության ձեռք մեկնի իր մայրամուտը ապրող տատիկին: 
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Արուսյակ տատիկը հուզմունքն հազիվ զսպելով՝ ասում էր. «4 երեխա եմ ունեցել՝ 1 աղջիկ,  3 տղա: 4-ն էլ մահացել են: Բնակվել եմ Եղվարդում ու տևական ժամանակ է Դավիթաշենի այս տան տերը՝ իմ բարեկամը, մեկնել է Ռուսաստան ու ինձ օգնել է, որպեսզի փողոցում չհայտնվեմ: Ահագին ժամանակ  է ապրում եմ այս տանը, հարսներ, թոռներ ունեմ, սակայն նրանք ապերախտ դուրս եկան ու էս շենքի հարևաններ՝ Մարետան և ամուսիններ՝ Իռան ու Զարզանդն են իրենց բերնից կտրում ու ինձ պահում թե՛ սննունդով, թե՛ դեղորայքով, անգամ կոմունալ ծախսերն են հոգում՝  իմ փոխարեն վճարելով գազի և էլեկտրաէներգիայի համար: Ստանում եմ թոշակ 30 հազար դրամ  ու էդ 30 հազարով անգամ չեմ կարողանում բուժմանս հարցերը լուծել»: 
Տատիկին խնամող հարևանուհին  ֆոտոլրագրողին ասում էր. «Մի քանի անգամ զանգահարել ենք քաղաքապետարանի թեժ գիծ, Դավիթաշենի վարչական  շրջանի ղեկավարությանը  ու հայտնել ենք տատիկի առողջական խնդիրների մասին և խնդրել ենք, որ պոլիկլինիկայից գան՝ հետազոտեն, սակայն նրանց պատասխանն ավելի է վրդովեցրել մեզ, ասելով թե՝ «Սա Երևանն է՝  պետք է վճարեք, եթե ուզում եք անվճար՝ ապա պետք է  ապրեք Եվրոպաներում»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


