211652_close_icon
views-count2287 դիտում article-date 12:06 28-11-2014

«Հեռուստամարաթոն 2014»-ն արձանագրել է 12,399,550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում

«Հայաստան» համահայկական հիմնադրամ»-ի նախաձեռնած՝ «Շենացնենք մեր երկիրը կարգախոսով» 17-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է 12,399,550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում: Այս մասին նշված է հիմնադրամի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: Հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայում տեղի էր ունեցել Հիմնադրամի 15-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որն արձանագրել էր ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ կազմակերպվող դրամահավաքին Փարիզից մասնակցել են նաեւ Գերմանիայի, Շվեյցարիայի տեղական մարմինները, իսկ Հունաստանի տեղական մարմինը մարաթոնին միացել է նոյեմբերի 22-ից 23-ը Աթենքում անցկացված դրամահավաքով: Միջոցառմանն իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերել նաեւ Բելգիայի հայ համայնքը: Միջոցառումն այս տարի անցկացվել է` "Տաղանդ, հմայք եւ առատաձեռնություն" խորագրի ներքո: Ֆրանսիայի Փարիզ, Մարսել, Տուլուզ եւ Լիոն քաղաքներում տեղակայված կայաններից ավելի քան 750 կամավոր զանգահարել է մասնակից երկրների շուրջ 60000 հայ ընտանիքների ու կազմակերպությունների եւ հորդորել համայնքին ու բարի կամքի տեր մարդկանց մասնակցելու հայրենիքի շենացմանն ուղղված ձեռնարկներին: Նման ուղերձով հանրությանը դիմել են նաեւ միջոցառման կնքահայրն ու կնքամայրը` ֆրանսահայ հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին եւ հայտնի հեռուստահաղորդավարուհի, մոդել, Ֆրանսիայի Կարմիր Խաչի դեսպան Ադրիանա Կարեմբոն: Նվիրաբերված գումարներն այս տարի կուղղվեն Տավուշի մարզի գյուղատնտեսական տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնմանը, Արցախում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայերի աջակցությանը: Նվիրատվության խոստումներն ըստ երկրների` Ֆրանսիա 1.246.344 եվրո Գերմանիա 71.345 եվրո Շվեյցարիա 31.726 եվրո Հունաստան 21.000 եվրո Բելգիա 6.000 եվրո

Նմանատիպ նյութեր