899 դիտում
14:07 19-11-2014
Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը և Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները. Յանակիս Օմիրու
«Ազգային ժողովի հարգելի նախագահ,
հարգելի պատգամավորներ,
Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, որ այս այցի շրջանակներում քաղաքական ղեկավարության հետ նախատեսված հանդիպումներն իրենց ուրույն դերակատարությունը կունենան առկա գերազանց հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում:
Այսօր իմ ներկայությունն այստեղ կիպրացի եւ հայ ժողովուրդների միջեւ երկարամյա բարեկամության ակնհայտ ապացույցն է եւ վերստին այն հաստատում է: Այս բարեկամության հիմքն է հանդիսանում անկեղծ համերաշխությունը, որը երկուստեք բազմիցս ցուցաբերվել է դժվար իրավիճակներում: Կիպրոսում հայկական սփյուռքի ներկայությունը լրացուցիչ երաշխիք է մեր կապերը շարունակելու եւ ավելի ամրապնդելու համար՝ ստեղծելով քաղաքական, տնտեսական, ռազմական, կրթական եւ մշակութային ոլորտներում համագործակցության լայն եւ բազմակողմ շրջանակ: Այստեղ, այսօր, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում Հայկական կրոնական խմբի արժանապատիվ ներկայացուցիչ պարոն Մահտեսյանի ներկայությունը հաստատում է Հայաստանի հետ անքակտելի կապերի պահպանման մեր հանձնառությունը:
Մեր երկու երկրների փոխադարձ աջակցությունը հիմնված է ամուր հիմքերի վրա, որը կոփվել է համատեղ պայքարներով մեր ժողովուրդներին մինչ օրս տառապանքի ենթարկող ընդհանուր թշնամու դեմ, ինչպես նաեւ ընդհանուր արժեքների եւ սկզբունքների հիման վրա, որոնց մենք հավատարիմ ենք:
Այս բարձր ամբիոնից Ներկայացուցիչների պալատի անդամների եւ Կիպրոսի ժողովրդի անունից ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Հայաստանի վարած սկզբունքային եւ կայուն քաղաքականության համար՝ հանուն մեր երկրի եւ ժողովրդի ազատության ու վերամիավորման: Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր աջակցության համար, ինչի համար էլ եւ երախտապարտ ենք ձեզ:
Ինչպես տեղյակ եք, արդեն քառասուն տարի է, ինչ Թուրքիան օկուպացված է պահում Կիպրոսի Հանրապետության տարածքի մեծ մասը՝ խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները: Կիպրական կողմը հավատարիմ է հասնելու խնդրի արդար լուծմանը՝ եվրոպական իրավունքի, 1977 եւ 1979 թվականների բարձր ատյաններում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի համաձայն: Սակայն մեր բոլոր ջանքերը բախվում են թուրքական անհանդուրժողականությանը եւ ամբարտավանությանը: Թուրքիան առաջադրում է պայմաններ, որոնք, անկասկած, տանում են այնպիսի լուծման, որի հիմքում ընկած է «երկու պետության» սկզբունքը:
Թուրքիան, հավատարիմ լինելով նորօսմանյան գործելաոճին, փորձում է յուրացնել Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում առկա հարուստ բնական պաշարները եւ որդեգրել է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում ինքնիշխան իրավունքների ոտնահարման քաղաքականությունը: Իրավունքների, որոնք հիմնված են ավանդական իրավունքի վրա եւ երաշխավորված են 1982 թվականի Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիայով: Սակայն Թուրքիայի դրսեւորումները հարիր չեն միջազգային իրավունքը հարգող եւ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող պետությանը: Այս պահին թուրքական հետազոտող «Բարբարոս» նավը, ռազմական եւ օժանդակող նավերի ուղեկցությամբ, անօրինական կերպով գտնվում է Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում եւ որի նպատակն է, ինչպես ներկայացնում է Թուրքիան, սեյսմիկ տվյալների հավաքագրումը: Միեւնույն ժամանակ աշխատանքներ են իրականացվում կազմակերպությունների կողմից, որոնց Կիպրոսի Հանրապետությունը թույլատրել է ուսումնասիրել բնական գազի պաշարների առկայությունը: Թուրքիան չի տատանվում եւ հայտարարում է, որ մոտակա ժամանակ նաեւ արդյունահանման հարթակ է տեղադրելու Կիպրոսի Բացարձակ տնտեսական գոտում:
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի քայլերը միջազգայնորեն դատապարտվում են, եւ որպես վառ ապացույց՝ վերջերս՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական խորհրդարանը հստակ բանաձեւ ընդունեց, Թուրքիայի կողմից իրականացվող խախտումները թեժանում են, եւ ապակայունացվում է ամբողջ տարածաշրջանը: Միեւնույն ժամանակ Թուրքիայի պետական եւ ռազմական գործիչներն անկաշկանդ եւ ուղղակիորեն սպառնում են ռազմական ուժ կիրառել, եթե Կիպրոսի Հանրապետությունը շարունակի կիրառել իր ինքնիշխան իրավունքները:
Նման պայմաններում Կիպրոսի Հանրապետությունը ստիպված էր կասեցնելու Կիպրոսի հիմնախնդրի շուրջ բանակցություններում իր մասնակցությունը եւ հայտարարելու Թուրքիայի դեմ քաղաքական եւ իրավական քայլերի ձեռնարկման մասին: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ վախի եւ բացահայտ սպառնալիքի մթնոլորտում անտրամաբանական է շարունակել բանակցությունները:
Թուրքիայի այս դրսեւորումները Ձեզ հայտնի են: Համագործակցության արձանագրությունների ստորագրման կասեցումը, հայտնի պատճառներով, որոնք վերջին պահին ներկայացրել է Անկարան, նույն քաղաքականության արտահայտությունն են:
Չնայած Անկարայի առաջացրած բարդություններին՝ Կիպրոսը եւ Հայաստանը պետք է ակտիվացնեն երկկողմ հարաբերությունները, միավորեն միջազգային կազմակերպություններում իրենց ուժերը եւ օգտագործեն կիպրական եւ հայկական սփյուռքի լծակները որոշումներ կայացնող ատյաններում՝ ընդհանուր ճակատ ձեւավորելով ընդդեմ Թուրքիայի քաղաքականության: Ներկայացուցիչների պալատի անդամների եւ իմ անունից այդ ուղղությամբ գործելու լիակատար պատրաստակամություն եմ հայտնում:
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հրավերի, ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար, որոնց մենք արժանացանք: Ցանկանում եմ, որ Դուք նույն զգացումներն ապրեք հնարավորինս մոտ ժամանակում Կիպրոս կատարելիք Ձեր այցի ընթացքում:
Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարօրություն եւ ակնկալիքների արագ իրականացում: Հնարավոր է, որ Հայաստանը եւ Կիպրոսը հզոր պետություններ չեն, բայց մեր հաստատակամությունն արդարացված է: Ուժը չի կարող խոնարհել մեր ժողովուրդներին: Մենք ավելի դժվար պայմաններում ենք գոյատեւել եւ բարգավաճել: Պայքարելով հանուն ազատության եւ արդարության՝ հայ եւ կիպրացի ժողովուրդները հաստատուն կամք ունեն, եւ այդ կամքն անսասան է:
Շնորհակալություն»:
Նմանատիպ նյութեր
2570 դիտում
12:22 02-02-2016
Թեհրանի ու Անկարայի միջև գազի սակագնի վերաբերյալ դատն ավարտվել է հօգուտ Անկարայի
6311 դիտում
22:12 19-06-2018
Չնայած Անկարայի քննադատությանը, ԵԽԽՎ-ն հետևելու Է Թուրքիայի ընտրություններին
Այս բաժնից
691 դիտում
19:11 14-11-2024
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը
826 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
625 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ