ՀՀ ԱԻ նախարարը «Պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրեց ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանին
Նոյեմբերի 17-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Ներկա էին նախարարության կառուցվածքային և առանձնացված բոլոր ստորաբաժանումների ղեկավարները:
ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների և այս շաբաթ իրականացվելիք հրամանատարաշտաբային ուսումնավարժանքի վերաբերյալ: Իր զեկույցում Ս. Ազարյանն անդրադարձավ նաև նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական պատահարի վերաբերյալ իրականացվող ընթացիկ աշխատանքներին:
Փրկարար ծառայության տնօրենը հայտնեց նաև արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման ոլորտում բարեփոխումների ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի 21 գյուղերում նախարարության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունների մասին, որոնց նպատակն է տեղում ազդարարման արդիականացված համակարգի պիլոտային նմուշի տեղադրումը՝ հետագայում ազդարարման ողջ համակարգն արդիականացնելու համար: Այս արդիականացումը թույլ կտա արտակարգ իրավիճակներում հեռուստատեսության միջոցով բնակչությանն անմիջապես տեղեկացնել խոշոր աղետների մասին:
Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հ. Պետրոսյանը նշեց, որ ռուս գործընկերների աջակցությամբ Գառնիի դիտարանում ավարտվել են դեֆորմոգրաֆի վերագործարկման աշխատանքները:
ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, գնդապետ Մ. Ներսիսյանը զեկուցեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում կատարված աշխատանքների մասին: Ավարտվել են համայնքների դպրոցների և մանկապարտեզների նկուղների մաքրման և վերանորոգման աշխատանքները, և վերջիններս արդեն պիտանի են պատսպարման համար, բացի այդ՝ երեխաների համար դասընթացներ են իրականացվել արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ: Գնդապետ Ներսիսյանը տեղեկացրեց նաև, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում ավարտին են հասցվել նաև դեպի դպրոց տանող ճանապարհների պատսպարման աշխատանքները, ինչի արդյունքում՝ երեխաները պաշտպանված կլինեն թշնամու կրակոցներից: Մ. Ներսիսյանը ՀՀ ԱԻ նախարարին փոխանցեց Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների և հանրակրթարանների տնօրենների շնորհակալական ուղերձը:
ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի տեղակալ Ա. Բարսեղյանը նախարար Երիցյանին փոխանցեց «Save the children» և «Ունիսոն» կազմակերպությունների շնորհակալական պատվոգիրը հաշմանդամություն ունեցող մարդկանց աշխատանքային զբաղվածության ապահովման համար:
Ընթացիկ աշխատանքների մասին զեկուցեցին նաև ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը:
Խորհրդակցության ավարտին ԱԻ նախարարը մասնագիտական բարձր պատրաստության, գործառնական պարտականությունների նկատմամբ դրսևորած բարեխիղճ վերևաբերմունքի, ինչպես նաև՝ ներդրված անձնական ավանդի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» մեդալով պարգևատրեց ԱԻՆ պետական ռեզերվների գործակալության պետ Սերգեյ Շահինյանին: